Արմինֆո.Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանության բանակի հետ շփման գծում Ադրբեջանի ԶՈՒ ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը չափազանց վտանգավոր ահազանգ է, որը հերթական անգամ հաստատում է, թե որքան կարևոր է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բրված պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը` Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հոկտեմբեիր 21-ին կայացած հանդիպումից հետո:
ԼՂՀ արտգործնախարարի ասելով, հանդիպման ընթացքում քննրակվել են ԼՂՀ և ԵՄ միջև հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Ինչպես հայտարարել է նախարարը, անդրադարձ է եղել բանակցային գործընթացում առկա իրավիճակին, ընդգծվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների անհապաղ և պարտադիր կատարման կարևորությունը: Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հոկտմբերի 22-ին տարածաշրջան նախատեսված այցին` Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում համանախագահները կայցելեն ԼՂՀ: Մենք կներկայացնենք մեր գնահատականներն ու մոտեցումները վերջին իրադարձությունների վերաբերյալ: Ես կարծում եմ, ինչպես միշտ, զրույցը կընթանա շատ անկեղծ և գործնական մթնոլորտում», - նշել է Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ԼՂՀ ներգրավումը բանակցային գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է: «Տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ առանց բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության ինչ-որ իրական առաջընթացի մասին խոսելը, պարզապես, անիրատեսական է», - եզրափակել է ԼՂՀ արտգործնախարարը:
↧