ՍՊՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ, քաղաքագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև գլոբալ դիմակայության նախադրյալների ու պատճառների մասին, կանխատեսում ռուս-թուրքական հարաբերությունների հեռանկարները, նշում Թեհրանի հետ Մոսկվայի անկայուն հարաբերությունների պատճառները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր սցենարի վարկածներ առաջ քաշում:
Ձեր կարծիքով, արդյո՞ ք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև աստիճանաբար խորացող շահերի կոնֆլիկտն իրական նախադրյալներ և հիմնավորումներ ունի:
Ռուսաստանի և ԱՄՆ շահերի կոնֆլիկտն իրական հիմնավորումներ ունի:1991 թ. միջազգային հարաբերությունների երկբևեռ համակարգի փլուզումից հետո ԱՄՆ-ը շահեր հետապնդող միակ գերտերությունն էր աշխարհում: Վաշինգտոնը տարածեց իր ազդեցությունը Արևելյան Եվրոպայի և հետխորհրդային տարածության վրա՝ ներառյալ Ուկրաինան և Վրաստանը: Բնականաբար, Մոսկվան, ընկալեց դա՝ որպես միջամտություն իր շահերի ոլորտ: Ռուսաստանի դիրքերի նման անտեսումը չէր կարող կոնֆլիկտ չառաջացներ: ԱՄՆ-ը գտնում է, որ Մոսկվան իրավունք չունի հակառակվել ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացին, Մերձավոր Արևելքում անպիտան ռեժիմների տապալման ծրագրերին՝ որպես սառը պատերազմում պարտված կողմ: Վաշինգտոնի համար շատ կարևոր է միակ գերտերության իր դերի պահպանումը: Այդ պատճառով Ռուսաստանի կողմից ցանկացած մարտահրավեր այդքան թշնամաբար է ընկալվում: ԱՄՆ-ը պատրաստ է որպես գործընկեր հանդուրժել Ռուսաստանին՝ Վաշինգտոնի քաղաքականությանը Մոսկվայի լիակատար համաձայնության դեպքում, ինչն ընդհանուր առմամբ շարունակվում էր մինչև 2008 թվականը:
Ձեր կարծիքով, արդյո՞ք ռուս-թուրքական հարաբերությունները հասել են ռուսական ինքնաթիռի ոչնչացմանը նախորդած մակարդակի՝ հոկտեմբերի 17-ին Ստամբուլում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ՙԹուրքական հոսք՚ գազատարի նախագծի իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ: Այդ հարաբերություններն ունե՞ն զարգացման իրական նախադրյալներ և արդյո՞ք Արևմուտքի հետ Մոսկվայի ու Անկարայի լարված հարաբերությունների արդյունք են:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները զարգացման լավ նախադրյալներ ունեն, քանի որ մեր պետությունների միջև համագործակցությունը փոխշահավետ է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսակետից: Թուրքիան այժմ հիասթափվել է Արևմուտքից՝ որպես հիմնական գործընկեր, և նոր գործընկերներ է փնտրում իր քաղաքական և տնտեսական ռազմավարությունների իրականացման համար: Իսկ ռուս-թուրքական հարաբերությունների՝ ռուսական ինքնաթիռի ոչնչացմանը նախորդած մակարդակի հասնելուն խանգարում են քաղաքական տարաձայնությունները՝ գլխավորապես Սիրիայի առնչությամբ: Այդ տարաձայնությունների հաղթահարման միակ ճանապարհը Սիրիայի շուրջ երկխոսությունն է՝ ներգրավելով տարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին՝ Իրանին և Սաուդյան Արաբիային, կարգավորման գործընթացից բացառելով արտատարածաշրջանային խաղացողներին՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի: Սիրիայի շուրջ Մոսկվայի և Անկարայի տարաձայնույթուններն այնքան անլուծելի չեն, որքան թվում են: Երկու կողմերն էլ, մասնավորապես, շահագրգռված են իրադրության կայունացման, քաղաքացիական պատերազմի դադարեցման և Սիրիայի՝ որպես միասնական պետություն, պահպանման հարցում: Մինչդեռ ԱՄՆ-ը և Իսրայելը շահագրգռված են հակառակում:
2016 թվականի ապրիլի 6-ին Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից Հյուսիս-Հարավ հաղորդակցության առանցքի փաստացի ստեղծման շուրջ համաձայնագրերի տորագրումից և երեք երկրների նախագահների օգոստոսյան հանդիպումից հետո բազմաթիվ փորձագետներ սկսեցին խոսել Հարավային Կովկասի հերթական աշխարհաքաղաքական վերաձևման մասին: Սակայն Թեհրանի և Մոսկվայի հետագա հյատարարությունները ցույց տվեցին, որ Թեհրանը պատրաստ չէ Մոսկվայի հետ նման սերտ դաշինքի: Ձեր կարծիքով, ո՞ր երկրի հետ հարաբերությունների հարթությունում է պետք փնտրել ԻԻՀ նման դիրքորոշման շարժառիթը:
Մոսկվայի քաղաքականության նկատմամբ Թեհրանի անվստահությունը պայմանավորված է դրա բազմավեկտորությամբ և անկայունությամբ: 1989-2010թթ. Ռուսսատանն արմատապես փոխել է իր վերաբերմունքը ՌՏՀ գծով Թեհրանի հետ համագործկցության նկատմամբ: Նաև այդ գործոնի հետևանքով Իրանում Ռուսաստանը համարում են, ընդհանուր առմամբ, արևմտյան երկիր, որը հանուն ԵՄ և ԱՄՆ հետ հրաբերությունների կարգավորման կհրաժարվի Իրանի հետ համագործակցությունից: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում առկա ճգնաժամը, անշուշտ, ձեռնտու է ռուս-իրանական հարաբերությունների զարգացման համար, սակայն, Թեհրանում հասկանում են, որ այդ դաշինքը կարող է լինել ընդամենը ժամանակավոր` ներկայիս քաղաքական վերնախավի իշխանության ղեկին մնալու դեպքում: Դրանում ոչ պակաս կարևոր դեր են խաղում Ռուսաստանի և Իսրայելի միջև բավականին բարեկամական հարաբերությունները: Մասնավորապես, Թեհրանում շատ լավ են հիշում, թե ինչպես Ս-300-ին առնչվող ռազմավարական առումով փոխշահավետ գործարքը ձախողվեց Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուի 2010 թվականին Մոսկվա այցից հետո:
Հարավային Կովկասի տարածքներն ավանդաբար մանրադրամ են հանդիսացել գերտերությունների աշխարհաքաղաքական խաղերում: ՙՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր դերի մասին՚ Լավրով-Չավուշօղլու վերջին երկխոսությունն Հայաստանում արդարացիորեն հիշողություններ արթնացրեցին 1921 թ. սովետա-թուրքական պայմանավորվածությունների մասին: Կիսվեք Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման համար Մոսկվայի և Անկարայի ռևերանսների հնարավոր իրական հեռանկարների Ձեր գնահատականով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրական կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական երկխոսության պայմաններում` հակամարտող կողմերի միջև վստահության պայմանով: Քանի դեռ Սիրիայի ճգնաժամն օրակարգում է, նման ձևաչափով Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար ոչ մի պայման չի կարող լինել: Հակամարտությունը կմնա սառեցված, եթե միայն Բաքվի «տաք գլուխները» չփորձեն գործնականում իրացնել ռազմական տեխնիկայի իրենց առավելությունը: Եթե Մոսկվային, Ակարային և Թեհրանին հաջողվի համատեղ ջանքերով լուծել սիրիական ճգնաժամը, հաջորդ քայլը կլինի անպայման Ղարաբաղը: Եվ միայն այդ ժամանակ կարող է փոխվել ստեղծված ստատուս-քվոն, ընդ որում` ոչ հօգուտ Հայաստանի:
Նախօրեին Իլհամ Ալիևը ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հերթական անգամ նշեց Ղարաբաղի շուրջ փոխզիջման Բաքվի պատրաստակամությունը`
«հնարավորինս ամենալայն ինքնավարության» տեսքով: Ձեր կարծիքով, նման փոխզիջումը կարո՞ղ է ձեռնտու լինել Մոսկվային՝ հաշվի առնելով հակամարտության շուրջ ստատուս-քվոն պահպանելու վերջինիս շահագրգռվածությունը՝ կողմերի վրա իր ազդեցության պահպանման նպատակով:
Մոսկվային Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն ձեռնտու է միայն մասամբ, քանի որ, այսպես թե այնպես, ապահովում է հրդադարի ռեժիմը: Եթե հրադադարի ռեժիմ ապահովի մեկ այլ սխեմա, որը միտված լինի ընդհանուր առմամբ տարածաշրջանում դիմակայության ներուժի նվազմանը, Ռուսաստանը լիովին կպաշտպանի այն:
↧