Վայոց ձորի մարզում գտնվող Մագիլի քարանձավը կրկին բնապահպանների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Քարանձավը եզակի է այն բանով, որ այնտեղ բնակվում են Կարմիր գրքում գրանցված չղջիկների տեսակներ: Միաժամանակ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը մտադիր է վարձակալության տալ այն` զբոսաշրջության զարգացման նպատակով: Համապատասխան հայտամրցույթ հայտարարվել էր անցած տարվա վերջին:
Բնապահպանական հանրությունն անմիջապես արձագանել այդ ծրագրերին: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Քասաբյանը նշել էր, որ քարանձավի չղջիկների քանակն արդեն կրճատվել է 60-70%-ով: Նրա խոսքով, շինարարական աղմուկն իսկական փորձություն կլինի չղջիկների համար:
Փետրվարի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հաղորդել է, որ վերջերս նախարարությունում հանդիպում է կազմակերպվել բնապահպանների հետ: Նրա խոսքով, նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու մրցույթին ներկայացված նախագծային փաթեթների հետ: ՙԷկոլոգները համաձայնել են, որ նախագծային փաթեթներում ներառված են չղջիկների պահպանության, ինչպես նաև քարանձավ այցելության սեզոնային արգելքի հետ կապված բոլոր կետերը՚,- նշել է Պողոսյանը:
↧
Մագիլի քարանձավ. Չղջիկների պահպանում, թե՞ զբոսաշրջության զարգացում
↧