Արմինֆո. «Հայկական վերածնունդն» կուսակցությունն արձագանքել է Վանաձորում կոալիցիա ստեղծելու Էդմոն Մարուքյանի առաջարկին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայկական վերածնույդ կուսակցության մամուլի ծառայությունից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ է արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միանալ և առաջադրել քաղաքապետի միասնական թեկնածու: Աղբյուրը նշում է, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ կան լոկալ ազդեցության քաղաքական ուժեր և ուժեր, որոնք հանրապետական մասշտաբի ազդեցություն ունեն:
«Շնորհավորում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը Վանաձորում գրանցած լավ ցուցանիշների համար և միաժամանակ արձանագրում, որ «Լուսավոր Հայաստանը» Հանրապետության որևէ այլ համայնքում էական արդյունքներ չի գրանցել, մինչդեռ «Հայկական վերածնունդը» և´ Գյումրիում և´ Վանաձորում գրանցել է կայուն երրորդ ցուցանիշը, ակտիվորեն մասնակցել և հաղթել է հանրապետության հարյուրավոր համայնքներում՝ համայնքի ղեկավարների և ավագանիների ընտրություններում: Հաշվի առնելով վերը նշված փաստը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է երկու տարբերակ: Առաջին, որ ՀՎԿ-ն պատրաստ է աջակցել Էդմոն Մարուքյանի առաջարկին, եթե «Լուսավոր Հայաստանը», հաշվի առնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության ազդեցության համապետական մակարդակը, առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին կմիանա «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, որը հնարավորություն կտա ձևավորել առավել ուժեղ մրցակցային քաղաքական թիմ ողջ երկրում: Տարբերակ երկրորդ` մենք առաջարկում ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, որպեսզի իրենք Վանաձորում միանան «Հայկական վերածնունդ» կուսակցությանը և հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը: Ի հավելումն նաև նշում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ միայն լայն հասարակական-քաղաքական համախմբումը հնարավորություն կտա երկրում որոկական փոփոխություն արձանագրել և, եթե «Լուսավոր Հայաստանը» իսկապես այդ իրական փոփոխությունների ջատագովն է, ապա սա շատ լավ հնարավորություն է համատեղել ուժերը և գործընթացը մեկնարկել հենց Վանաձորից` հետագայում այն տարածելով ամբողջ երկրում»,-նշված է կուսակցության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ, ըստ նախնական արդյունքների, երկու քաղաքներում էլ հաղթել են ՀՀԿ թեկնածուները: Գյումրիում հաղթել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը`34.64% քվե, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն`21,7%, երրորդն է Հայկական վերծանունդը` 10.62%, չորրորդ տեղում է ԳԱԼԱ-ն`10.49% -ով, հինգերորդն է Միասնությունը`5.77% վեցերորդն է «Գյուրեցու ոգին»`5,74%, յոթերորդն է ՀՅԴ-ն`5,36%: Իսկ Վանաձորում ՀՀԿ-ն ձեռք է բերել 37.55%, Լուսավոր Հայաստանը - 27,54%, Հայկական վերածնունդ - 13,27%, ՀՅԴ - 6,37%, «Միասնություն» և ՀԱԿ և «Քաղաքացիական պայմանագիր» - չեն հաղթահարել 5% շեմը:
↧