Արմինֆո. Կարեն Կարապետյանի նշանակումից հետո կադրային փոփոխություններ Հայաստանի կառավարությունում, իհարկե, կլինեն: Այժմ քննարկումներ են տեղի ունենում, սակայն տվյալ փուլում կոնկրետ անուններ մատնանշելը կոռեկտ չէ: Այդ մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ նոր կաբինետում նշանակումներ կատարելիս թեկնածուների կուսակցական պատկանելիությունը մեծ նշանակություն չի ունենա:
Նա ընդգծել է, որ Կարեն Կարապետյանին ազատություն է տրված որոշումներ կայացնելու և ծրագրեր իրականացնելու հարցում: Մեկնաբանելով նոր վարչապետի հայտարարությունը, որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում՝ Շարմազանովը նշել է, որ 90-ականներին և 2000-ականների սկզբին իրավիճակն ավելի վատ էր, բայց ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերների հետ միասին կարողացավ առաջընթացի հասնել և երկնիշ տնտեսական աճ ապահովել: Ըստ որում, նա ՙնորմալ՚ է համարել այն փաստը, որ Հայաստանի նոր վարչապետը ՙռեալ գնահատականներ՚ է տալիս երկրում տիրող իրավիճակին: ՙԽնդիրներ կան, և դրանք պետք է լուծել՚,- նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով կարծիքներին, որ Կարապետյանը Հայաստան է ՙգործուղվել՚ Ռուսաստանի կողմից / մինչև վարչապետի պաշտոնում նշանակվելը եղել է «Գազպրոմ-Մեջռեգիոնգազի» գլխավոր տնօրենի տեղակալ-խմբ./՝ Շարմազանովն անտեղի է համարել դրանք:
↧