Հայաստանի և Վրաստանի ոստիկանությունների համագործակցության արդյունքում ձերբակալվել է գործարար Աշոտ Սուքիասյանը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունում:
Հունիսի 17-ին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում որոշում էր կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար:
Հիշեցնենք, որ գործարար, Երևանի «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանը մոտ երկու տարի առաջ դիմել էր Ոստիկանություն, հայտարարելով, թե Աշոտ Սուքիասյանը խաբեությամբ հասել էր այն բանին, որ ինքն Ամերիաբանկում գրավ էր դրել իր գույքը (այդ թվում` հանրախանութը) և ստացված միջոցնրեը հանձնել Սուքիասյանին, որպեսզի վերջինս Սիեռա Լեոներից ալմաստի հումք ներկրի: Սակայն Աշոտ Սուքիասյանը յուրացրել էր գումարն ու փախել: Իսկ նախորդ տարվա ամռանը Hetq.am-ը հրապարակեց «Ով է Փայլակ Հայրապետյանին զրկել գույքից. օֆշորային եռյակ» հոդվածը, որում պնդվում էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աշոտ Սուքիասյանը և նրա կնքահայր, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED օֆշորային ընկերության բաժնետերերն են: Թե Կճոյանը, թե վարչապետն արդեն բազմիցս հայտարարել են, թե ոչ մի ընկերություն չեն գրանցել ոչ Կիպրոսում, ոչ էլ մեկ այլ օֆշորային գոտում, և ոչ ոքի իրենց անունից կազմակերպություն գրանցելու լիազորությամբ չեն օժտել: