Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արմեն Մարտիրոսյան: 2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անխուսափելիորեն կկեղծվեն և ՙկլեգիտիմացվեն՚՝ ոստիկանական մահակների և կրիմինալի միջոցով

$
0
0
Արմինֆո.ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի մասին, թվարկում դրա պատճառները, նկարագրում իրավիճակից հնարավոր ելքի ճանապարհները, ինչպես նաև կանխատեսում իշխանության վարքագծի հնարավոր սցենարները 2017 թ. խորհրդարանական ընտրություններում և հետընտրական շրջանում:   Ի՞նչ նոր բան ներմուծեց ՙՍասնա ծռերի՚ խռովությունը Հայաստանի ներքաղաքական օրակարգում: ՙՍասնա ծռերի՚ խռովությունն արձանագրեց հայ հասարակության որոշակի մասի մոտ անօրինականության, թալանի, իշխանությունների համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի այլընտրանքային մեթոդների բացակայությունը, զենքը ձեռքին այդ խնդիրները լուծելուց բացի: Բարեբախտաբար, դեռևս Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները զենքի միջոցով չեն իրականացվում: ՙՍասնա ծռերի՚  գլխավոր նպատակն, այնուամենայնիվ, ժողովրդական դժգոհության ալիքի միջոցով այդ փոփոխությունների անհրաժեշտության նկատմամբ ուշադրություն հրավիրելն էր: Կարծում եմ, որ այժմ մենք գտնվում ենք այդ ալիքի ձևավորման փուլում: Արդյոք հաջողությամբ կպսակվի այդ նախաձեռնությունը, առայժմ չեմ կարող ասել: Դա կախված է մի շարք գործոններից:  Սակայն, եթե քաղաքական ճգնաժամի տվյալ փուլում բարձրացված հարցերը քաղաքական լուծում չստանան, հաջորդ փուլում այդ նույն խնդիրները կլուծվեն զենքի միջոցով, ինչը կարող է ուղեկցվել շատ բացասական և անցանկալի հետևանքներով: Բոլորի՞ համար:   Կարծում եմ՝ ոչ միայն իշխանությունների, այլև բոլորիս համար: Դեռևս երկիրը գտնվում է խաղաղ հեղափոխության փուլում, քանի որ ավելի քան ակնհայտ է, որ տնօրինելով նման քանակության զենքի՝ ՙՍասնա ծռերը՚ ցանկության դեպքում կարող էին իշխանափոխությանն ուղղված զինված գործողություններ իրականացնել: Եվ այն, որ նրանք զերծ մնացին նման քայլից, իսկ հետո ազատ արձակեցին բոլոր պատանդներին, վկայում է այն մասին, որ զինված խմբավորումը ձգտել է բացառապես ժողովրդական ապստամբության սկիզբ դնել: Զերծ մնացին իշխանափոխությանն ուղղված զինված գործողությունների՞ց: Միանշանակ: Ցավոք, ՙՍասնա ծռերի՚ գործողությունների ընթացքում զոհվեցին ոստիկաններ, սակայն արդար դատարանը ցանկության դեպքում կարող է եզրակացության գալ, որ դա իրավիճակային բնույթ է կրել և ամենևին պլանավորված չի եղել: Հետևաբար՝ 2016 թ. հուլիսը 1999 թ. հոկտեմբերի հետ համեմատել, ինչպես ոմանք փորձում են անել, միանշանակ չի կարելի: Ստեղծված քաղաքական ճգնաժամից ելքի ի՞նչ ճանապարհ եք տեսնում: Կարծում եմ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից Հայաստանի ելքի երեք ճանապարհ կա. առաջինը պայմանավորված է իշխանության՝ հասարակության ակտիվ պայքարի ընկալմամբ, ինչից հետո իշխանությունը և հասարակությունը միասին Հայաստանում արմատական փոփոխությունների կգնան, երկրորդ ճանապարը հարկադրված զինված պայքարն է այդ նույն փոփոխությունների համար, ինչը կարող է ուղեկցվել խիստ բացասական հետևանքներով: Այս սցենարը հնարավոր է բացառապես իշխանության ջանքերով՝ այլ ճանապարհ չթողնելով ժողովրդին: Եվ, վերջապես, երկիրն ուղղակի կարող է չհասնել երկրորդ սցենարին և կորցնել պետականությունը: Համոզված եմ, որ հուլիսի 17-ից հետո Հայաստանում, իրոք, փոխվեց իրավիճակը: Ակնհայտ է, որ ՙՍասնա ծռերի՚ կողմից ջուրը նետված քարը, այսպես թե այնպես, լուրջ ալիք կբարձրացնի: Արդյո՞ք կապ եք տեսնում 2016 թ. ապրիլյան և հուլիսյան իրադարձությունների միջև: 2016 թ. ապրիլյան և հուլիսյան իրադարձությունների միջև տրամաբանական կապ կա: ՙՍասնա ծռերի՚ միջուկը կազմել են ազատամարտիկները, ովքեր իրենց երիտասարդությունը, առողջությունը և կյանքն են նվիրել Արցախի ազատագրական պայքարին: Եվ այսօր տեսնելով, որ իրենց պայքարի օբյեկտը վտանգի տակ է գտնվում, անտարբեր մնալ չէին կարող: Հաշվի առնելով, որ ՙՍասնա ծռերի՚ 5 պահանջից 2-մ անմիջականորեն վերաբերել է Հայաստան-Արցախ հարցերի շրջանակին, կարծում եմ, կապը միանշանակ է: Ձեր խոսքերից պարզ է դառնում, որ Հայաստանում ի հայտ է եկել ոչ միայն արմատականություն, այլ նաև՝ արմատականության պահանջարկ: Արդյո՞ք իշխանությունը կարող է կասեցնել այդ միտումները՝ բողոքական շարժման առաջնորդներին և մասնակիցներին բանտարկելով: Բողոքական շարժումների մասնակիցներին և առաջնորդներին բանտարկելով՝ իշխանություններին թվում է, թե իրենք կասեցնում են արմատական տրամադրությունները: Մինչդեռ իրականում այդ միջոցները միայն խթանում են արմատականությունը: Արյունահեղությունն իր բոլոր մինուսներով ոչ արագ, բայց՝ ինքնամաքրման ճանապարհ է: Դա հնարավոր ուղիներց մեկն է՝ չնայած անձամբ ես խաղաղ, անարյուն հեղափոխության կողմնակից եմ, ինչը նույնպես հնարավոր ճանապարհ է: Օրինակ՝ ֆրանսիական արյունահեղ հեղափոխությունները, որոնք, վերջիվերջո, հանգեցրեցին ներկայիս ժողովրդավարական Ֆրանսիայի առաջացմանը: ԱՄՆ-ին դրա համար երկու արյունալի պատերազմ պահանջվեց՝ անկախության և ստրկության վերացման համար:   Արդյո՞ք շանսեր կան, որ իշխանությունը, հասկանալով իրավիճակի ողջ լրջությունը, կփորձի ինքնուրույն իրականացնել բոլոր այդ բարեփոխումները: Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների փորձը ներքաղաքական ճգնաժամի կարգավորման հիանալի սցենար կհանդիսանար: Սակայն, միաժամանակ համոզված եմ, որ փտած համակարգի բարեփոխում իրականացնելով՝ իշխանությունն անխուսափելիորեն կկորցնի այդ իշխանությունը: Խորը բարեփոխումները մահ կլինեն գործող իշխանության համար, քանի որ կհանգեցնեն օլիգոպոլիաների վերացման, որոնք կկորցնեն պետական ռեսուրսների մենաշնորհային օգտագործման միջոցով բարգավաճման հնարավորությունը: Միաժամանակ դա կհանգեցներ պետության աստիճանական առողջացման, քանի որ ՙվերևից՚ փոփոխությունները միշտ ավելի արդյունավետ են, քան ՙներքից՚ պարտադրված փոփոխությունները: Սակայն, ցավոք, իշխանությունների սադիզմի, խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման, զանգվածային ձերբակալությունների պայմաններում նման հեռանկարների մասին խոսել չենք կարող: Դուք ՙՍասնա ծռերին՚ աջակցող շարժման ձերբակալված առաջնորդներից մեկն էիք: Ձեր կարծիքով, ո՞րն էր հուլիսին այդ ձերբակալությունների իշխանությունների շարժառիթը: ՙՍասնա ծռերին՚ աջակցող շարժման առաջնորդներին ձերբակալելու իշխանությունների շարժառիթը մեկն էր՝ գլխատել ժողովրդական շարժումը, որն արդեն սկսել էր լրջորեն ճոճել պետությունը կառավարող նավը: Այդպիսով՝ իշխանություններն աստիճանաբար մեկուսացրեցին շարժումը համակարգող բոլոր մարդկանց, ինչից հետո ոստիկանական տեռորի միջոցով ցրեցին ցուցարարներին՝ ներխուժելով տներ և ահաբեկելով, ծեծի ենթարկելով խաղաց քաղաքացինեին: Այսինքն՝ դա արվել է բնակչությանն ահաբեկելու համար: Չեմ կարող չխոստովանել, որ կարճաժամկետ կտրվածքով այդ տեռորն արդյունավետ էր, քանի որ քաղաքական և հասարակական գործիչներից ոչ մեկը նույնիսկ չփորձեց պատասխանատվություն ստանձնել և գլխավորել շարժումը զանգվածային ձերբակալություններից հետո: Սակայն, դրա էֆեկտը երկար չի տևի, քանի որ վախի մթնոլորտի սերմանումը միմիայն ուժեղացրել է իշխանությունների նկատմամբ ատելությունը: Կարող եմ ասել, որ միջազգային հանրությունն այլևս մտադիր չէ հանդուրժել Հայաստանի իշխանությունների նման պահվածքը: Եվ ի տարբերություն Ռուսաստանի՝ Արևմուտքը հանդես եկավ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների պաշտպանությամբ՝ մատնանշելով ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառումը: Հուլիսին բոլորս ականատես դարձանք Հայաստանի քաղաքական կուսակցությունների պասսիվության: Ինչո՞ւ և ո՞ւր անհետացան հանրապետականները՝ պարզ է, անհասկանալի է, թե ուր անհետացավ ընդդիմությունը… Կառավարող կուսակցության հետ կապված ամեն ինչ պարզ է, քանի որ ՀՀԿ-ն քաղաքակն ուժ չէ. այն միայն կառավարող ռեսուրս է:  Իսկ մնացած կուսակցությունների պասսիվությունը, հասարակության, ժողովրդի կողմից նրանց չընդունվելը վերջիններիս նախկին գործունեության հետևանք է: Ժողովուրդը շատ լավ տեսնում է, որ քաղաքական կուսակցությունները, չպաշտպանելով իր շահերը, խորհրդարանում այլ հարցեր են լուծում՝ բացառապես արևի տակ տեղ ապահովելով իրենց համար:  Նախորդ բոլոր համապետական ընտրություններում մրցակցության խաբուսիկություն պահպանող գրեթե բոլոր ուժերի քաղաքական արժեզրկման պայմաններում ինչպե՞ս են հանրապետականները հերթական հաղթանակ ապահովելու 2017 թ. գարնանը: Նախորդ բոլոր համապետական ընտրություններում մրցակցության խաբուսիկություն պահպանող գրեթե բոլոր ուժերի քաղաքական արժեզրկման պայմաններում հանրապետականները հերթական հաղթանակ կապահովեն 2017 թ. գարնանը, ինչպես մինչ օրս է արվել: Կարծում եմ, որ իշխանության ձևավորման այդ անօրինական մեխանիզմը կրկին կաշխատի, և մենք նորից կունենանք ոչ լեգիտիմ իշխանություն: Նրանք ուղղակի ՙքվոտավորմանն՚ այլընտրանք չունեն, ինչում իշխանությունները մեծ վարպետ են: Ապրիլյան պատերազմից հետո Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին, որ գործող իշխանությունների նախապատվությունները և ախորժակը չի փոխվել: Համենայն դեպս, այդ մասին է վկայում նաև 317 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերյան ընտրություններին ՙնախապատրաստվելու՚ տրամաբանությունը: Չնայած իշխանությունների նկատմամբ հասարակության միանշանակ վերաբերմունքին՝ այնուամենայնիվ, չեմ կարծում, թե ՙվերևում՚ հիմարներ են նստած, որոնք չեն կարողանում ցորենը զատել որոմից: Եվ չեմ կարծում, թե այդ մարդիկ չեն հասկանում, որ նման կերպ երկիր կառավարելը հղի է լուրջ հետևանքներով առաջին հերթին իրենց իսկ համար: Ես նույնպես այդպես չեմ կարծում: Հակառակ դեպքում գործող իշխանությանը չէր հաջողվի այդքան երկար պաշտոնավարել: Ըստ որում, իշխանություններն այլ նպատակներ ունեն, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում պետականության, այդ պետությունում ժողովրդի և քաղաքացիական հասարակության պահպանման նպատակներին: Նրանք շատ լավ հասկանում են, որ անարդարություններ և մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներ ստեղծելով երկրում՝ նպաստում են բնակչության արտագաղթին և տնտեսության ոչնչացմանը: Փորք և միջին բիզնեսից հետո արդեն հերթը հասել է խոշորին: Այլ կերպ ասած՝ այդ ամենն արվում է միանգամայն գիտակցված և նպատակադրված: Բնակչության միգրացիան լավագուն նախադրյալ է ստեղծում իշխանության պահպանման համար՝ խոչընդոտելով դժգոհության կուտակմանը, ինչը կարող է պայթյունի հանգեցնել: Հուլիսյան իրադարձությունները ցույց տվեցին նման քաղաքականության անկատարությունը, քանի որ նույնիսկ այդ պայմաններում փողոցներում սկսեց կրիտիկական դառնալու բոլոր նախադրյալներն ունեցող զանգված հավաքվել: Այդ պատճառով այն ցրվեց ոստիկանական տեռորի միջոցով: Այս առումով 2017 թ. խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անխուսափելիորեն կկեղծվեն և ՙկլեգիտիմացվեն՚՝ ոստիկանական մահակների և կրիմինալի միջոցով: Կարող եմ միայն ասել, որ Հայաստանում դժգոհության պոռթկման նախադրյալներն այսօր, ավելի, քան երբևէ, շատ են, և հանգեցնել այդ նախադրյալները կարելի է միայն երկրի կառավարման համակարգի արմատական բարեփոխման միջոցով:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles