Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ալեքսանդր Իսկանդարյան. Իշխանությունը պատրանք է տածում, թե դեռ ի վիճակի է կառավարել հասարակության ապատիան

$
0
0

 

 Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ներքաղաքական դաշտը 2016 թ. ապրիլից և հուլիսից հետո:

 

 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, կարելի է բնորոշել՝ որպես իշխանության հասարակական, հոգեբանական լեգիտիմության և ընդդիմության մարգինալացման կամ նույնիսկ բացակայության համադրություն: Հայկական քաղաքական համակարգը, իհարկե, ենթադրում է խորհրդարանում ընդդիմադիր խմբերի առկայություն, որոնք նույնիսկ հաջորդ խորհրդարան կանցնեն, բայց դրանք որևէ ազդեցություն Հայաստանի գործընթացների վրա ունենալ չեն կարող: Եվ ընդդիմադիր քաղաքական գործիչների օգտին քվեարկող քաղաքացիները քվեարկում են ոչ թե նրանց օգտին, այլ՝ իշխանության դեմ: Չնայած ՙՍասնա ծռերի՚ հետ կապված հուլիսյան իրադարձություններից հետո սոցհարցումների բացակայությանը՝ ենթադրում եմ, որ իշխանության լեգիտիմությունն այսօր չափազանց ցածր է: Եվ այդքան ցածր շատ վաղուց չէր եղել: Մինչդեռ մինչև հուլիսյան իրադարձությունները Հայաստանում անցկացված սոցհարցման տվյալների համաձայն, հանրապետականների լեգիտիմությունն արդեն այդ ժամանակ 10%-ից փոքր-ինչ ավել էր, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի՝ մի քանի տոկոս, մնացածինը՝ թույլատրելի շեղումների շրջանակում: Ապրիլյան դեպքերից հետո լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում որոշակի արշավների հետևանքով մեր աչքի առաջ փլուզվեց հասարակության շրջանում թեկուզ ինչ-որ վստահություն վայելող վերջին քաղաքական ինստիտուտի՝ բանակի լեգիտիմությունը: Խիստ ցածր է նաև ոստիկանության լեգիտիմությունը:

Հայաստանում պարբերաբար ցանցային բողոքի ակցիաների անցկացումը, որոնց 

կողմնակիցներն ընդգծում են դրանց ապաքաղաքականցվածությունը, ընդհանուր առմամբ քաղաքական կուսակցությունների նկատմամբ հասարակության լիակատար անվստահության ցայտուն վկայություններից մեկն է: Ըստ որում, այդ ցանցերի՝ քաղաքական կառույցի վերածվելու առաջին իսկ փորձի դեպքում դրանք անմիջապես կորցնում են մարդկանց վստահությունը:

 

Այս իրավիճակը Հայաստանում բավական վաղուց է ձևավորվել…

 

Իշխանությունը պատրանք է տածում, թե դեռ ի վիճակի է կառավարել հասարակության ապատիան: Բայց առնվազն ինձ համար ակնհայտ է, որ իշխանության մոտ դա արդեն չի ստացվի: Հայաստանը բավական երկար ժամանակ էր գնում նման իրավիճակի, ինչի մասին բազմիցս գրել և խոսել եմ: Եվ այդ գործընթացն ակնհայտ դարձավ ոչ միայն քաղաքագետներին Գագիկ Ծառուկյանի քաղաքական լիկվիդացումից հետո: Դրանից հետո ընդդիմադիր քաղաքական գործունեությունն ավելի ու ավելի էր ֆարսի վերածվում: Այս ամենը հանգեցրեց քաղաքացիական շարժումների ֆենոմենի ընդլայնման, և դա չէր կարող չհանգեցնել հասարակության արմատականացման: Որպես հետևանք, արդեն այսօր հայ հասարակության որոշակի մասի կողմից քաղաքական խնդիրների բռնի ճանապարհով լուծումը ընկալվում է որպես լեգիտիմ: Ըստ որում, ընդդիմադիր խմբերից ոչ մեկն իշխանությանն իրական ընդդիմություն կազմել չի կարող, ինչի հետևանքով, նրանք վերածվում են միմյանց նկատմամբ ընդդիմության՝ վիճելով, թե ով է իսկական ընդդիմություն, իսկ ով՝ ոչ: Եվ անխուսափելիրոեն այդ ներքին մրցակցության գործիք է դառնում էլ ավելի արմատականացումը: Միաժամանակ հասարակությունում ապատիան շարունակում է պահպանվել: Կարծում եմ՝ գործ ունենք բավական լուրջ քաղաքական ճգնաժամի հետ:

 

ՙՍասնա ծռեր՚ խմբավորման անդամների բանտարկումը խթանում, թե, ընդհակառակը, նվազեցնում է հայ հասարակության արմատականացման մակարդակը՝ հաշվի առնելով  առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնց իշխանությունը կարևոր տեղ է հատկացնում ՝ նկատի ունենալով Սահմանադրության փոփոխությունները:

 

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնց իշխանությունը կարևոր տեղ էր հատկացնում, նկատի ունենալով Սահմանադրության փոփոխությունները, արդեն բոլոր չարիքների համադարման չեն նույնիսկ իշխանությունների համար՝ հաշվի առնելով, որ վերջին իրադարձությունները շատ լուրջ փոփոխության ենթարկեցին Հայաստանի քաղաքական հեռանկարները: Մինչև ապրիլ իշխանությունում շատերը մտածում էին, թե հարցերը լուծելով մարդկանց հետ, որոնց հետ պետք էր պայմանավորվել ուժով, իրենք կարող են հարմարավետ ու հանգիստ ապրել:

 

Մտածում էին, թե՞ մտածում են:

 

Հիմա դրան էլ կանդրադառնամ: Բոլորին իրենց ենթարկելով՝ կարելի էր թույլ տալ ցանկացած ընդդիմության ցանկացած ներկայացուցչի մուտքը խորհրդարան, և նրանք կարող էին որքան ուզեն հիստերիա բարձրացնել այնտեղ: Նույնիսկ այսօր գործի դնելով վարչական ռեսուրսը, ֆինանսները՝ իշխանությունը լիովին կարող է հաղթել ցանկացած ընտրությունում: Սակայն, այնուհետև անխուսափելիորեն կսկսեն ի հայտ գալ խնդիրներ, ըստ որում՝ բացարձակապես այլ տեղերից, քանի որ քաղաքականությունը դուրս մղեցին քաղաքականությունից, իսկ սուրբ տեղը դատարկ չի մնում: Իշխանության համար առաջին ազդանշանը պետք է Շանթ Հարությունյանի խռովությունը լիներ, որը շատ նման էր ՙՍասնա ծռերի՚ ապստամբությանը՝ բացառելով բռնության աստիճանը և մասշտաբայնությունը: Կարծում եմ՝ քաղաքականությունից դուրսմղված քաղաքականության, ՙսպանել, մորթել, ոչնչացնել՚ ոգով խոսակցությունների լույսի ներքո՝ նման ազդակները միանգամայն տրամաբանական են թվում: Եվ Հայաստանում միշտ կգտնվի մի քանի տասնյակ մարդ, ովքեր ընդունակ են հինգ մարդ սպանել՝ լուծելու, իրենց կարծիքով, երկրի մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ: Եվ այսօր երկրում ի հայտ եկած գաղափարը, ըստ որի՝ բարդ հարցերը կարելի է լուծել հեշտ ճանապարհով, հղի է բազմաթիվ վտանգներով:   

 

Կարծում եք, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապա՞րհ է: 

 

Չեմ սիրում աֆորիզմներ, բայց Եժի Լեցի աֆորիզմներից մեկը շատ եմ հավանում. ՙԱհա և գլխով ջարդեցիր պատը, ի՞նչ ես անելու հարևան խցում՚: Եվ հիմա Հայաստանում ոչ ոք հստակ չի պատկերացնում, թե ինչ պիտի անի հարևան խցում: Այնուամեայնիվ, այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ ՙՍասնա ծռերի՚ հետ, անձամբ ես չեմ պատկերացնում, թե ինչպես են անցկացվելու ապագա ընտրությունները Հայաստանում: Ցանկացած տարրական իրադարձություն, կենցաղային հողի վրա սպանություն, հրդեհ, ինչ-որ բան Ղարաբաղում կարող է պոռթկման հանգեցնել: Մինչև հիմա իշխանությունները դրան վերաբերել են՝ որպես տեխնիկական խնդիր: Տեղի ունեցավ ՙԷլեկտրի-Երևանը՚, իշխանություններն ինչ-որ բան արեցին, որպեսզի մարդիկ ցրվեն և որպես հաղթանակ ընկալեն դա: Նույն կերպ, Իսկանդարյանի կարծիքով, իշխանությունները լուծեցին ՙՍասնա ծռերի՚ հետ կապված խնդիրը: ՙՀամենայն դեպս, այդպես են նրանք սխալմամբ կարծում: Կարելի է լուծել տեխնիկական խնդիրը, բայց լուրջ բեքգրաունդի առկայությունը նշանակում է դրա անխուսափելի կրկնություն այլ վայրում և այլ ժամանակ:   Նույնիսկ հերթական խորհրդարանական ընտրությունների դեպքում գործի դնել հին մեխանիզմները, որպեսզի ժողովուրդը վերցնի 5-10 հազար դրամը կամ լսի ՙգյուղապետին՚ ու քվեարկի, շատ ավելի դժվար կլինի, քան առաջ: Եվ եթե հանրապետականներին հաջողվի անել դա, հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ տեղի կունենա հաջորդ 5-6 օրերին: Եթե այդ այդ ամենը չարվի, իշխանությանն անհրաժեշտ է ինչ-որ նոր կոնստրուկցիա մտածել:

 

Իշխանությունը մտածո՞ւմ է այդ ուղղությամբ: Տեսնո՞ւմ եք համապատասխան ցուցիչներ:

 

Տեսնում եմ: Օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական վերածնման անհրաժեշտության մասին խոսակցությունները: Չգիտեմ, թե որքանով է դա արտացոլում իրական մտադրությունները, բայց խիստ մտավախություն ունեմ, որ դա անելու համար արդեն ուշ է: Լուծել գոյություն ունեցող խնդիրները, ֆեյքային կոնստրուկցիաներ ստեղծելով, իշխանություններին համար շատ դժվար կլինի: Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարը, կոպիտ ասած, վկայում է ցանկության մասին՝ իշխանությունը հանձնել այնպես, որպեսզի հնարավոր լինի շարունակել հանգիստ գոյատևումը: Բայց այստեղ էլ խնդիր կա. պարզապես չկա մեկը, որին կարելի է այն հանձնել:

 

Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է Սերժ Սարգսյա՞ն:

 

Կարծում եմ՝ այսօր իրավիճակն այնքան է փոխվել, որ խնդիրն արդեն ոչ թե անձի, ժառանգորդի, այլ՝ սխեմայի բացակայության մեջ է: Իշխանությանն անհրաժեշտ է ստեղծել քաղաքական ուժ, որին կարելի է հանձնել իշխանությունը և միաժամանակ այդ փուչիկին ինչ-որ մեկը վստահի: Այսօր դա գրեթե անիրագործելի խնդիր է: Թե որքանով է իշխանությունը գիտակցում դա, չգիտեմ: Բայց չգիտակցել իրավիճակի կրիտիկականությունը, կարծում եմ, արդեն անհնար է:  

 

Դատելով հետապրիլյան և հետհուլիսյան շրջանում իրական փոփոխությունների բացակայությունից՝ կարելի՞ արդյոք ենթադրել, որ գալիք գարնանը, այնուամենայնիվ, մեզ սպասում են հերթական ՙքվոտավորված ընտրություններ՚: Եվ դա՝ շրջանցելով Ձեր թվարկած բոլոր վտանգավոր միտումները: 

 

Կարծում եմ՝ այո: Դա իրավիճակի զարգացման տարբերակներից մեկն է: Սակայն, վերջիվերջո, այդ կերպ ձևավորված իշխանությունն անխուսափելիորեն սկսում է դեգրադացվել, և Վիկտոր Յանուկովիչն ակնառու օրինակ է: Մարդիկ կոոպտացվում են այդ իշխանությունում՝ առկա իրավիճակին հարմարվելու սկզբունքով: Եվ, բնականաբար, նրանք աշխարհի ամենակրետիվ մարդիկ չեն:

 

Ինչը թուլացնում է իշխանությանը…

 

Անշուշտ: Իշխանությունում առաջընթացի համար անհրաժեշտ է որքան հնարավոր է գորշ և հեզ լինել: Իշխանության նման թուլացման դասական օրինակ է Էդուարդ Շևարդնաձեին, ով 2001 թվականից հետո ուղղակի կախված էր օդում: Եվ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կկարողանա օդում կախված լեգիտիմությամբ իշխանությունն ընտրություններից հետո 5 տարի պաշտոնավարել այսօր Հայաստանում առկա պայմաններում: Ժողովրդականություն չվայելող իշխանութան պաշտոնավարման շարունակման միակ եղանակը համարում եմ տնտեսական լուրջ աճը: Տնտեսական աճը թույլ կտա իշխանությանը փոխարենը լեգիտիմություն ստանալ, ինչպես դա նավթի բարձր գների պայմաններոմ գործում է Ռուսաստանում: Սակայն, Հայաստանում նավթ և այլ հիմքեր նման փոխանակման համար չկան, հետևաբար՝ օդում կախված իշխանության վրա կարող է ազդել անգամ թույլ քամին՝ չխոսելով արդեն պարբերաբար երկրի կողքով անցնող աշխարհաքաղաքական փոթորիկների մասին:

 

Այս դժվար իրավիճակից ելքի ի՞նչ ուղիներ եք տեսնում:

 

Որպես բավականին բարդ իրավիճակից ելքի ուղի՝ ազգային վստահության կառավարության ձևավորման գաղափարն ընդհանուր առմամբ վատը չէ: Ազգային, որովհետև ելքը միայն հանրապետականները չպիտի փնտրեն, հարկավոր է ներգրավել մյուսներին: Վստահություն, քանի որ հենց դրա բացակայությունն է այսօր կարևոր խնդիր Հայաստանում: Ըստ որում, իշխանությունը կձգտի այն բանին, որպեսզի շարունակի ապրել հարմարավետ՝ համենայն դեպս իր պատկերացմամբ: Սակայն, այնքան էլ հասկանալի չէ, թե ում հետ այդ կառավարությունը ստեղծել, քանի որ վստահությունը ենթադրում է բացարձակապես նոր անձեր գտնել:

 

Նոր անձինք նստած են բանտում…

 

Կարծում եմ՝ ՙՍասնա ծռերի՚ հետ կապված տարբերակն արդեն անցյալում է: Այժմ բաց թողնել նրանց բանտից և թույլ տալ մտնել խորհրդարան հնարավոր չէ: Նման լարվածությանը համակարգը հաստատ չի դիմանա: Շատ դժվար է պատկերացնել խորհրդարանում մարդկանց, ովքեր ընդամենը կես տարի առաջ զավթել են ոստիկանական գունդը, մարդիկ սպանել: Աճեցնել նոր մարդկանց ընդհանուր առմամբ կարելի է, դրա համար կան համապատասխան քաղտեխնոլոգներ: Բայց դրա համար տարիներ են պահանջվում, մինչդեռ Հայաստանում դա անհրաժեշտ է անել շատ կարճ ժամկետներում:

 

Այդ դեպքում ո՞վ:

 

Կարծում եմ, որ իշխանություններին լավ կլիներ հասկանալ, որ այդ ճանապարհը փակուղի է տանում: Մինչդեռ զինված խմբավորման հայտնվելը ախտանիշ է, այլ ոչ թե՝ պատճառ: Ասենք, բռնեցին այդ մարդկանց, նստացրեցին: Բայց պակասում է լեգիտիմություն նրանց բանտում պահելու համար: Պակասում է լեգիտիմությունը նաև ոստիկաններին արդարացնելու համար: ՙՍասնա ծռերի հետ դիմակայության ողջ ընթացքում նույնիսկ ահաբեկիչ բառը չարտասանվեց, այն հնչեց միայն այն բանից հետո, երբ ՙՍասնա ծռերը՚ հանձնվեցին, և դա նույնպես լեգիտիմության բացակայության ցուցանիշ է:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles