ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին, լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո:
«Հայաստանի նախագահությամբ անցած ՀԱՊԿ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի այսօրվա նիստում քննարկված հարցերի մի մասն առնչվում էր հավաքական ռազմական շինարարության զարգացմանն ու ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, անդամ երկրների զինված ուժերի համագործակցության կատարելագործմանը եւ ՀՕՊ ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը», - լրագրողներին տեղեկացրել է Օհանյանը:
Նրա գնահատմամբ, կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումների նման ձեւաչափը հնարավորություն է ընձեռում քննարկելու արդիական հարցերը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, ինչպես նաեւ սահմանել Կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման հետագա ուղղությունները։
ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովն իր հերթին, անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցություննեիր արդյունքներին, լրագրողներին հայտարարել է, որ ավարտվել է Ռուսաստանի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման ստեղծման շուրջ համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը:
Նրա ասելով, բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայ պաշտոնակցին առաջարկել է ստորագրել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության բացահայտման և գնահատման բնագավառում փոխգործակցության շուրջ համաձայնագիր` զորքերի միավորված խմբավորման շահերին համապատասխան, ինչ արվել է: Նշելով, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Հայաստանը դիտարկում է որպես իր դաշնակից և գլխավոր գործընկեր Անդրկովկասում, փոխնախարարը համոզմունք է հայտնել, որ ՌԴ և ՀՀ ռազմական գերատեսչությունների փոխգործակցության առկա բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ լուծել համագործակցության ընթացիկ խնդիրները և ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին:
«Հայաստանն ու Ռուսաստանը հաջողոււթյամբ համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, նախևառջա, ՀԱՊԿ շրջանակում: Մոսկվան ու Երևանը կնքել են ավելի քան 50 պայմանագիր ու համաձայնագիր, որոնք նպատակաուղղված են անվտանգության և ռազմական պլանավորման ոլորտում որոշումների կայացման արդյունավետ մեխանիզմների ստեղծմանն ու պահպանմանը», - ամփոփել է Անտոնովը: