Տրանսսահմանային ենթակառուցվածքների զարգացման շրջանակներում Վրաստանը նախատեսում է մինչև 2018 թվականը կատուցել Մառնեուլի (Վրաստան) - Այրում (Հայաստան) 500 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գիծը, գրում է Business Գրուզիա ամսագիրը, վկայակոչելով երկրի 2016-2025 թվականների էներգետիկ ռազմավարության դրույթներին: Բացի այդ, Վրաստանը ծրագրում է նաև առաջիկա 5 տարիներին կառուցել 500-կիլովոլտ հզորությամբ Քսանի- Ստեփանծմինդա-Մոզդոկ ԷՀԳ-ն, իսկ մինչև 2019 թվականը` 400 կիլովոլտ հզորությամբ Ախալցիխե (Վրաստան) - Թորթում (Թուրքիա) ԷՀԳ-ն: Համաձայն Վրաստանի ռազմավարության 10 տարիների ընթացքում նախատեսվում է կրկնապատկել հարևան երկրների յետ միջհամակարգային կապերի հզորությունները: Մասնավորապես, Հայաստանի հետ նախատեսվում է բարձրացնել մինչև 700 ՄՎտ, Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի հետ`մինչև 1,400 հազար ՄՎտ, իսկ Ադրբեջանի հետ` 1 հազար ՄՎտ: Ռազմավարությունում ասված է, որ նախատեսվում է Վրաստանի տարածքում միջհամակարգային ԷՀԳ-ների զարգացումը, ինչպես Հյուսիս-Հարավ (Ռուսաստան-Հայաստան-Իրան և հակառակը), այնպես էլ Արևելք-Արևմուտք (Ադրբեջանից Թուրքիա) ուղղություններով: 2015 թվականին Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 86,5 մլն կՎտ/ժամ (աճը`41,2 անգամ), իսկ արտահանումը դեպի Հայաստան`70,9 մլն կՎտ/ժամ (անկումը`49.5%):
Մինչդեռ, հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան ԷՀԳ շինարարության նախագծի խորհրդատու «Fichtner GmbH & Co. KG» ընկերությունը մինչև 2016 թվականի ավարտը կպատրաստի կառուցապատողի ընտրության մրցութային փաթեթը: Այս մասին դեռ այս տարվա ապրիլին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի երեք փուլով: Առաջին երկու փուլերի ֆինանսավորման աղբյուրը հայտնի է: Առաջին երկու փուլերը գնահատվում են`188.2 միլիոն եվրո: Այդ նպատակով 2014-2015 թվականներին ստորագրվել են երեք վարկային համաձայնագրեր: Մասնավորապես, վարկի տեսքով 168 մլն եվրո հատկացրել է գերմանական KfW բանկը, 10 մլն եվրոյի վարկ է տրամադրվել Եվրոպական ներդրումային բանկը: Ակնկալվում է ստանալ լրացուցիչ 10 մլն եվրոյի դրամաշնորհ Եվրոպական հանձնաժողովի կողմից: Առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ ռեժիմով: Աշխատանքներն իրականացվում են համաձայն սահմանված ժամանակացույցի, ըստ որի, շինարարական աշխատանքները կսկսվեն 2017-ի սկզբին և կավարտվեն մինչև 2018 թվականի վերջը:
Հայաստանի և Վրաստանիչ էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորումը կնպաստի փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությանը, ստեղծվող Իրան - Հայաստան - Վրաստան - Ռուսաստան էներգետիկ միջանցքի շրջանակներում: Բացի այդ, այս ծրագիրը նախադրյալներ կստեղծի ԱՊՀ երկրների էներգետիկ համակարգերի զուգահեռ շահագործման համար: Ծրագրի նախնական արժեքը, ըստ Fichtner ընկերության, կկազմի 326,9 մլն եվրո, 10% -ը կազմում է Վրաստանի մասնաբաժինը: