Ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար կալանավորված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը նամակով դիմել է ժողովրդին:
Նամակում Սէֆիլյանը, մասնավորապես, ապատեղեկատվություն է համարում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Ղարաբաղյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանի այն պնդումները, թե ինքը և վնասազերծված «Սասնա Ծռեր» խմբավորման տղաները հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից: Սէֆիլյանը բացատրում է, որ իր նախորդ նամակում ինքը կանխամտածված չի անդրադարձել Սարգսյանի հրաժարականի թեմային, քանի որ այդ նամակում շոշափվում էին միայն ՊՊԾ գնդի տարածքի զավթումից հետո ստեղծված իրավիճակից ելքերը: «Ես այդ մասին գրել էի նամակի հենց սկզբում», - նշել է Սէֆիլյանը: Ընդ որում նա տարակուսանք է հայտնել Փաշինյանի այն եզրակացության առնչությամբ, թե «Սասնա Ծռերը» և ինքն` անձամբ, հրաժարվել են Սարգսյանի հրաժարականի պահանջից, քանի որ այդ տեղեկատվությունը բազմիցս հերքվել է իր զինակիցների կողմից: Վերջում Սէֆիլյանը կրկին հիշեցրել է իր գլխավորած շարժմման հիմնական պահանջները. ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատում, վստահության կառավարության ձևավորում /հակաճգնաժամային և անցումային փուլի ծրագրով օժտված/, Սերժ Սարգսյանի հեռացում, արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: