Հայաստանի ԱԱԾ հրապարակել է ՊՊԾ տարածքում գիշերային սադրանքի ձայնագրությունը, ինչպես նաև հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ: Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով: Զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը հիմնավորվում է նաև օրենքով սահմանված կարգով ստացված ձայնագրությամբ»:
Հիշեցնենք, որ ոստիկանության հաղորդագրության համաձայն, զինված խմբի կողմից զավթված ՊՊԾ գնդի տարածքից Ժամը 01.00-ի սահմաններում դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶե մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Իրավապահները անմիջապես բուժօգնություն են կանչել եւ առաջարկել վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, ինչին զինված խմբի անդամները համաձայնել են։ «Ներկայումս երկու վիրավորներն էլ գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Վիրավորված անձինք են՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը՚,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Մինչդեռ ՙՍասնա ծռերը՚ պնդում են, որ ոստիկաններն առաջինն են կրակ բացել: