Թուրքիայի ցուցադրական լավատեսությունը Ռուսաստանի և համաշխարհային այլ խաղացողների հետ հարաբերություններում թղթախաղային բլեֆ է հիշեցնում: Եվ ղարաբաղյան խաղաքարտի շահարկումն այդ բլեֆի մասն է կազմում, ինչը թույլ է տալիս Անկարային ցույց տալ Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամի հաղթահարում, որոնք իրականում հեռու են իդեալականից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:
Հուլիսի 21-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիայի միացման հավանականությունը, նշել է, որ ՙցանկացած կառուցողական աջակցություն պետք է դիտարկել՝ որպես կառուցողական փոխգործակցություն՚: ՙԵթե պետությունն ունի ինչ-որ դրական բան ավելացնելու, ապա որևէ խնդիր չի կարող լինել՚,- ավելացրել է Զախարովան:
ՙԻհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են լսել Անկարայի դիրքորոշումը՝ շահագրգռված լինելով դրանում՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր գաղափարների դեֆիցիտի լույսի ներքո: Բայց ներառել վերջնիս բանակցային գործընթացում, համանախագահների կազմում կարելի է բացառապես Հայաստանի համաձայնությամբ, ինչը խիստ կասկածելի է թվում ինձ՚,- նշել է նա:
Քաղաքագետը թուրքական դիվանագիտական բլեֆը համաշխարհային իմիտացիոն ժողովրդավարության, դիվանագիտության և բանակցությունների անքակտելի մասն է համարում: Ըստ նրա, նման իմիտացիոն դիվանագիտությունը գործընթաց հանուն գործընթացի ցուցադրում է: Ղարաբաղյան խնդիրը, Կռիլովի կարծիքով, կարգավորվում է իմիտացիոն բանակցություններով՝ հիմնված կողմերի կողմից փոխընդունելի փոխզիջման ճանապարհով խաղաղ կարգավորման ձեռքբերման անհնարինության ըմբռնման վրա:
Երկու հասարակությունների թշնամանքի մակարդակի պարբերաբար բարձրացումը Կրիլովը համարում է գործոն, որն ստիպում է համանախագահներին իմիտացիոն, խնդրի կարգավորմանը չուղղված բանակցային գործընթաց վարել՝ իրավիճակի նկատմամբ վերահսկողության և Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ ազդեցության պահպանման միակ նպատակով:
ՙԻնչ վերաբերում է միջազգային խաղաղապահ զորակազմի միջոցով հակամարտության կողմերի բաժանման գաղափարին, ապա Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոնֆլիկտի պայմաններում դրա փոխընդունելի կազմի ձևավորումը գործնականում անհնար է: Մնում է իմիտացիան, այդ թվում՝ ուղղված սեփական խնդիրների լուծման հետ, որոնք ղարաբաղյան հակամարտության հետ կապված չեն: Եվ ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու, ի թիվս այլոց, դա չի կարող անել նաև Թուրքիան՚,- ամփոփել է քաղաքագետը: