Հայաստանին անհրաժեշտ է խիստ հավասարակշռված քաղաքականություն իրականացնել ԵՏՄ և ԵՄ հետ հարաբերություններում, ինչը կհանգեցնի առավել արդյունավետ արդյունքի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նման քաղաքականությունը կյանքի կոչելու համար, դիվանագետի կարծիքով, Հայաստանն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալներն ու ռեսուրսները: Դրանց թվում Նավասարդյանն առաջին հերթին նշել է ամբողջ աշխարհում հայկական հզոր սփյուռքի առկայությունը
Նշելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունից որևէ դրական սպասման բացակայությունը՝ դիվանագետն իր հոռետեսությունը պայմանավորել է ՀԱՊԿ-ում Ղազախստանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարած Բելառուսի առկայությամբ: Նրա խոսքով, այդ երկու երկրի առաջնորդներն ապրիլին ակնհայտորեն ցույց տվեցին իրենց իրական դիրքորոշումը:
Անդրադառնալով ռուս-թուրքական նկատվող վերաբեռնավորմանը՝ դիվանագետը նշել է, որ ռուսաստանցի գործընկերոջը Ռեջեփ Էրդողանի նամակի կատալիզատոր են հանդիսացել Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականությունում մի շարք գործընթացներ: Նշելով ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ Անկարայի բազմամյա քաղաքականության անհաջողությունը՝ Նավասարդյանը հիշեցրել է լուրջ պարտությունների մասին, որոնք շարունակում է կրել թուրքական արտաքին քաղաքականությունն իսլամական և արաբական աշխարհի ուղղությամբ:
Այս առումով դիվանագետը գտնում է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում վերաբեռնումը որևէ ազդեցություն Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ վերջինի հարաբերությունների վրա չի ունենա: Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման առանձնակի փոփոխություն նույնպես պետք չէ սպասել՝ չնայած այդ արտաքուստ բարեկամական հարաբերություններն իրականում այնքան էլ պարզ չեն, ինչպես առաջին հայացքից են թվում: Նրա խոսքով, վերաբեռնումն ազդեցություն չի ունենա նաև ղարաբաղյան հակամարտության վրա: