Ղարաբաղի հարցում Մոսկվան առաջ կմղի ոչ թե հայկական կամ ադրբեջանական, այլ սեփական ծրագիրը, կանխատեսում է Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին
Նրա ասելով, հայերը վիրավորվում են, որ Մոսկվան ավելի շատ Բաքվի հետ է խոսում, քան` Երևանի: «Ես անկեղծ պատասխանել եմ. Ռուսաստանը ոչ մեկի կողմից չի լինի: Մոսկվան ունի սեփական ծրագիր: Համենայն դեպս, ի տարբերություն Մերձդնեստրի, Ղարաբաղում ռուսական զորքեր չկան, և, ի տարբերություն Հարավային Օսիայի և Աբխազիայի, Մոսկվան չի ճանաչել Ղարաբաղը ոչ որպես անկախ պետություն, ոչ որպես Հայաստանի մաս: Էլ ինչու՟ է վիրավորվում Ադրբեջանը», - հայտարարել է նա haqqin.az-ին:
Նա նշել է, որ Մոսկվայում տարբերություն չեն դնում Բաքվում, Երևանում կամ Ստեփանակերտում ապրող մարդկանց միջև, ռուսների համար նրանք նախկին խորհրդային քաղաքացիներ են: Նրա կարծիքով, Մոսկվան չի կարող պաշտպանել կողմերից որևէ մեկին, իր տեսանկյունից, այդ եղբայրասպան պատերազմում:
«Ռուսաստանն ունի շատ լավ պատմական հիշողություն: Ռուսական կայսրությունը,
Ժամանակին Իրանից և Թուրքիայից նվաճելով այսօրվա Ադրբեջանի տարածքը, վերածել է այն բանին, ինչ այն այսօր իրենից ներկայացնում է: Իսկ թե ինչ կարող էր այն իրենից ներկայացնել, կարելի է իմանալ, գնալով Իրան և տեսնելով, թե այնտեղ ինչպես են ապրում ադրբեջանցիները: Համեմատեք նրանց կյանքի մակարդակը և մտավոր մակարդակը: Կարելի է վիրավորվել, որ Ադրբեջանը եղել է Ռուսական կայսրության մաս, բայց, իմ կարծիքով, դա անիմաստ է», - ամփոփել է վերլուծաբանը: