Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արարատբանկը մեկնարկում է 8.5 մլրդ.դրամի լրացուցիչ կապիտալիզացիան

$
0
0

Առաջիկայում «Արարատբանկ» ԲԲԸ –ն կիրականացնի բաժնտոմսերի լրացուցիչ փակ թողարկում, ինչի արդյունքում բանկի ընդհանուր կապիտալը կավելանա 8.5 մլրդ.դրամով, ներկայիս` 22.7 մլրդ.դրամի փոխարեն: Դրանով բանկը կապահովի կապիտալի նվազագույն նորմատիվային պահանջը, որը, ՀՀ ԿԲ որոշմամբ, 2017 թվականից պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Լրացուցիչ թողարկման մասին որոշումն ընդունվել է հունիսի 17-ին, բանկի բաժնետերերի`2015 թվականի արդյունքների ամփոփման մասին ընդհանուր ժողովում: Որոշում է ընդունվել չբաշխել բանկի 2015 թվականի զուտ շահույթը, որը կազմել է 841.7 մլն.դրամ և այն ուղղել կապիտալի համալրմանը:

 

Ինչպես տեղեկացրել է Արարատբանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, ընթացիկ տարում բանկը կշարունակի կայուն զարգանալ, ներդնելով նոր բանկային տեխնոլոգիաներ: Այսօր բանկը տիրապետում է Հայաստանի դրամական փոխանցումների համակարգի 12%-ին, իսկ կոմունալ վճարների գծով ապահովվել է 20% աճ, բանկի հաճախորդների բազան ավելացել է 6%, բանկային ակտիվ քարտերի քանակը` 4%, բացվել են վաճառքի նոր ուղիներ, ինչպես նաև Facebook և Instagram սոցիալական ցանցերի միջոցով: 2015 թվականին բանկը ներդրեց մոբայլ-բանկինգ համակարգը և մեկ տարում մի քանի անգամ ավելացրեց վիրտուալ գործառնական համակարգերով իրականացվող ծավալները, հասցնելով 120 մլն.դրամի: Բանկը ձեռնամուխ է եղել NFC (Near field communication) տեխնոլոգիանրի ներդրմանը, ApplePay և SamsungPay տեխնոլոգիաներով հաճախորդներին սպասարկելու համար:

 

Ինչպես նշել է Օսիպյանը, ընթացիկ տարում նախատեսվում է Բազել III սկզբունքների հիման վրա էապես ուժեղացնել ռիսկ-մենեջմենտի բլոկը, ինչպես նաև ներդնել մասնաճյուղերի աշխատանքի գնահատման նոր մեթոդաբանություն, ընդ որում, ոչ թե գեներացվող շահույթի, այլ բաժանմունքների աշխատանքի ընդհանուր արդյունավետության աստիճանի հիման վրա: Բանկը կարևորում է նաև Բազել II-ից Բազել III-ին անցնելու խնդիրները: Դա անցում է իրացվելիության նոր գործակցային ստանդարտներին – կայուն ֆինանսավորման կարճաժամկետ իրացվելիությանը և գործակցին: Կուժեղանա գործառնական ռիսկերի կառավարման համակարգը, որը հիմնված է վիճակագրության վրա: Ներդրվում են վարկային ռիսկերի գնահատման նոր սկզբունքներ, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին: Ա.Օսիպյանն արդիական է անվանել նաև բազելյան «Ճանաչիր քո հաճախորդին» (know your customer) ստանդարտի ներդրումը, օտարերկրյա կոնտրգործակալների հետ գործընկերությունը բարձրացման համար: Նոր ստանդարտներ են ներդրվում նաև բանկի վարկային բլոկում – այսպես կոչված, պատասխանատու վարկավորման ստանդարտը, որտեղ ամենակարևորը վարկավորման արդյունավետության սկզբունքն է: Բանկը շարունակում է ակտիվ վարկավորել ՓՄՁ ոլորտը և իրականացնել առևտրի ֆինանսավորման ծրագրեր: Մեծ ուշադրություն կհատկացվի հիփոթեքային վարկավորման հետագա զարգացմանը` ՎԶԵԲ հետ գործընկերության ֆակտորինգային և լիզինգային ծառայությունների հիման վրա: Ինչպես հատոկ ընդգծել է Ա.Օսիպյանը, բանկը բավականին հաջողությամբ է ներգրավում ոչ թանկ դրամային միջոցներ, հետևաբար, հաճախորդներին կարող է տրամադրել դրամով վարկեր, որպեսզի նրանց ուսերին չընկնեն արտարժույթի հետ կապված ռիսկերը:

 

Ինչպես ընդգծել է բանկի ղեկավարը, մի քանի տարի առաջ ընդունված`«ֆինանսական սուպերմարկետի» հայեցակարգն իրեն լիովին արդարացրեց: Ավանդական բանկային ծառայություններին և պրոդուկտներին զուգահեռ, բանկը հաճախորդներին տրամադրվում է ծառայություններ լայն շրջան` ապահովագրության, ներդրումների, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվությունների ոլորտներում: Արարատբանկն իր հաճախորդների համար առաջինը ֆինանսական շուկայում ձեռնամուխ կլինի Հայաստանի մակրոտնտեսական և ներդրումային ոլորտների և հիմնական գործընկեր-երկրների մասին վերլուծական նյութերի հրապարակմանը: Բանկը շարունակում է մշտապես մոնիտորինգի ենթարկել իր ծառայությունների նկատմամբ հաճախորդների բավարարվածության մակարդակը, որը ներկայումս գերազանցում է 80%-ը, և որը կփորձի հասցնել 100%-ի:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Արարատբանկի ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ին կազմել են 132.6 մլրդ դրամ ($274,2 մլն), որի կառուցվածքում վարկային ներդրումները կազմել են 54% կամ 71.5 մլրդ դրամ ($ 147.8 մլն): Իր այդ ցուցանիշներով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում: 2015 թվականի արդյունավետության գործակիցներով նույնպես բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, մասնավորապես, ROE - 4,3%, ROA - 0,7%: 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Արարատբանկի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» ընկերություն - 64,24%, ՎԶԵԲ - 25% + 1 բաժնետոմս, Rural Impulse Fund II (ընդգրկված է բելգիական Incofin Investment  Management - Incofin IM-ում) - 10%: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles