Պաշտոնական Բաքուն արձագանքել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի Բրյուսել այցին:
ՙԲակո Սահակյանի Բրյուսել այցը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան տուրիստական այց: Բրյուսելում այդ մարդ հանդիպել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի, Ֆլամանական խորհրդարանի անդամի ու իր հին բարեկամ Կարլ Վանլուվի հետ: Հանդիպումները մասնավոր բնույթ են կրել: Կարլ Վանլուվը բազմիցս այցելել է ՙապօրինի՚ Լեռնային Ղարաբաղ, և այդ պատճառով ներառվել է Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում: Բելգիայում Ադրբեջանի դեսպանության բողոքին ի պատասխան՝ հայտնել են, որ այդ հանդիպումները պաշտոնական բնույթ չեն կրել՚,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է ԱՊԱ-ն: Հաջիևը համոզված է նաև, որ Հայաստանի դիվանագիտական անձնագրով աշխարհում շրջող Սահակյանը շենգենյան վիզա ստանալիս ՙկեղծ տեղեկություններ է ներկայացրել իր անձնական տվյալների և մշտական բնակության վայրի մասին՚:
ՙՇենգենյան վիզա տրամադրելիս Արևելյան գործընկերության մասնակից երկրները սովորաբար պատժամիջոցներ են կիրառում նման անձանց նկատմամբ: Սակայն, չնայած այն բանին, որ Սահակյանը կեղծ փաստաթղթեր և տվյալներ է ներկայացրել՝ այնուամենայնիվ, նրան վիզա տրամադրվել է: Դա ևս մեկ անգամ վկայում է, որ նախագահների Վիեննայի հանդիպումից հետո հայկական կողմն անընդունելի ստատուս-քվոյի փոփոխման շուրջ բանակցություններ սկսելու փոխարեն կրկին փորձում է սադրանքների միջոցով խանգարել բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը՚,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Արցախի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա: Հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ, հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի անդամների հետ՝ կառույցի ղեկավար Կասպար Կարապետյանի գլխավորությամբ, այցելել է Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Բակո Սահակյանը հունիսի 10-ին «Fondation Universitaireե կազմակերպությունում հանդիպում է ունեցել Բելգիայի ակադեմիական շրջանակների հետ: