Հայկական ոչ կառավարական կազմակերպությունները շարունակում են իրենց բողոքն արտահայտել`կապված ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների` Թուրքիա նախատեսվող տեղափոխման հետ:
Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՙՀանուն կայուն մարդկային զարգացման՚ ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, այս հարցի առնչությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին արդեն 3 նամակ է ուղարկվել: Մասնավորապես, նշվել է, որ Թուրքիային տարածաշրջանային գրասենյակ վստահելն աննպատակահարմար է, քանի որ վերջինս հերքում է իր մեղսակցությունը 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, որը դատապարտվել է ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների կողմից:
Դանիելյանի խոսքով, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հայկական ոչ կառավարական կազմակերպությունների հետ քննարկել են ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների` Թուրքիա տեղափոխման հարցը երկու անգամ: ՙՆրանք ասել են, որ կիսում են մեր մտահոգությունը և կփորձեն գտնել բոլոր կողմերին ձեռնտու որոշում: Փոխարենը հիմա ասում են, որ Բրատիսլավայում ՄԱԿ-ի ներկայիս եվրոպական գրասենյակի փակումից հետո Ստամբուլում կբացվի Տեխնիկական աջակցության կենտրոն: Ստացվում է, որ տվյալ հարցում պարզապես մեկ անվանումը փոխարինել են մյուսով՚,- ասել է Դանիելյանը:
Փորձագետն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում թերագնահատում են ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների` Թուրքիա տեղափոխման հետևանքները: Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է դառնալ միջազգային կենտրեն, ինչը կբարձրացնի նրա ազդեցությւոնը միջազգային ասապարեզում: Այս պայմաններում, ինչպես ընդգծել է Դանիելյանը, Հայաստանի համար ավելի բարդ կլինի համաշխարհային հանրության առջև բարձրացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի հարցը: