Հայ-ռուսական ՀՕՊ միավորված համակարգի ստեղծմանն ուղղված աշպատանքներ են իրականացվում արդեն մի քանի տարի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն ստեղծել է ՀՕՊ միավորված համակարգ Բելառուսի և Ղազախստանի հետ: ՙՀայ-ռուսական ՀՕՊ համակարգի ստեղծումն առաջին փուլն է: Երկրորդը կմիավորի բոլոր համակարգերը՝ միասնական համակարգ ձևավորելով ՀԱՊԿ ողջ տարածքում՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա կնպաստնի մասնակից երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ ՀՀ խորհրդարանը քննարկում է ՙՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին՚ համաձայնագրի վավերացման հարցը: Հունիսի 3-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն է տվել խորհրդարանի օրակարգում այդ համաձայնագրի ներառմանը: 2015 թ. հոկտեմբերի 23-ին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին: Փաստաթուղթը ներկայացվել է ՌԴ նախագահի ստորագրմանը, ով ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարել էր 2013 թ. նոյեմբերին: Իսկ արդեն դեկտեմբերի 23-ին Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին: