Ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակը բավականին մտահոգիչ է: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը` «7 օր» լրատվավերլուծական կայքում հրապարակված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ դեռ 2013 թվականի ամռանը, գտնվելով արտերկրում, փակ նամակ էր գրել նախագահին, զգուշացնելով Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին: Սակայն, ինչպես ակնարկել է Բաբայանը, իր խորհուրդներն անտեսվել են:
Վերլուծելով ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` Բաբայանը նշել է, որ հայկական կողմում կա սխալ ընկալում այն առնչությամբ, որ Ռուսաստանը զենք է մատակարարում մեր թշնամի Ադրբեջանին, իսկ Հայաստանին` ոչ: «Ամենայն հավանականությամբ՝ մեր հանրությունը լավ տեղեկացված չէ, քանզի ռուսները երբևիցե չեն հրաժարվել Հայաստանին զենք մատակարարելուց։ Ավելին՝ հայկական կողմը հնարավորություն է ունեցել, որպես ՀԱՊԿ անդամ, զենքը ձեռք բերել շատ ավելի լավ պայմաններով, քան Ադրբեջանը: Ես իմաստ չեմ տեսնում դրսի ուժերից բողոքելու մեջ։ 90–ականներին Ռուսաստանից մենք էլ ենք զենք բերել, Ադրբեջանն էլ։ Բայց հաղթել ենք մենք, իսկ Ադրբեջանը սկսել է բողոքել, թե, իբր, հայերը ռուսների աջակցությամբ են հաղթել։ Պարտվողը, որպես կանոն, միշտ էլ մեղավորներ է փնտրում իրենից դուրս։ Դրսին մեղադրելն իմ ոճը չի, և խորհուրդ կտայի մեր ժողովրդին ապավինել սեփական ուժերին։ Եթե դրսին ես մեղադրում անհաջողության համար, ապա ստացվում է, որ հաջողությունդ էլ ես կապում դրսի հետ, իսկ դա վտանգավոր մտածողություն է», - նշել է Բաբայանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի բերել անհրաժեշտ զենքերը, Սամվել Բաբայանն ասել է. «Կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը պետք է ես չլինեմ: Իսկ եթե ուզում եք իմանալ իմ գնահատականը, ապա ասեմ։ 2011 թվականին Ղարաբաղի հարցով Կազանում հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բոլորովին տարբեր հետևություններ արեցին: Մինչ այդ Ադրբեջանն արդեն սկսել էր արդիականացնել իր բանակը իսրայելական զինատեսակներ գնելով, իսկ 2011–ից հետո է՛լ ավելի մեծ քայլեր արեց այդ ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ զենքի ու զինտեխնիկայի մատակարարման միջոցով։ Կազանից հետո հայկական կողմը ճիշտ հակառակ հետևությունն արեց՝ համարելով, որ բանակցություններում Հայաստանն ասաց «այո», և Ադրբեջանը մնաց միայնակ, և ուրեմն, ռիսկ չի անի պատերազմական գործողություններ վերսկսել։ Այդ ժամանակ Հայաստանի քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել այլ խնդիրների վրա»։
Անդրադառնալով «փոխզիջում» կոչվածի ադրբեջանական տարբերակին առնչվող հարցին` Ս.Բաբայանը կարծիք է հայտնել, որ ռազմական բալանսի փոփոխության միջոցով Ալիևը փորձում է շուռ տալ բանակցային տրամաբանությունը` փաստի առաջ կանգնեցնելով բոլորին: «Մեկ բան ուզում եմ հատուկ շեշտել՝ մենք պետք է պատրանքներ չունենանք և կարծենք, որ բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանը գնալու է փոխզիջման։ Նրանք ցանկություն ունեն վերցնել ամբողջը։ Ադրբեջանի ախորժակը կարող ենք զսպել միայն ռազմական բալանսն ի նպաստ Հայաստանի ու Ղարաբաղի ապահովելով», - ասել է նա։
Անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանի իշխանությունը հույս ուներ, թե Ադրբեջանն առանց ռուսական, այսպես ասած, «դաբրոյի» չի հարձակվի Ղարաբաղի վրա, և ԵՏՄ մտնելն ամեն հարց լուծում է, Սամվել Բաբայանը համոզմուն է հայտնել, որ «դաբրոները» միջազգային լուրջ հարաբերություններում, հիմնականում, չեն աշխատում: «Օրինակ՝ ժամանակին մենք որ ազատագրում էինք Քելբաջարը, Զանգելանը, Ֆիզուլին, Ջաբրայիլը և այլն, այդպիսի «դաբրոներ» չունեինք։ Ճիշտ հակառակը՝ մենք այդ տարածքները ազատագրում էինք ի հեճուկս նույն Ռուսաստանի և միջազգային ճնշումների (ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը մի քանի բանաձև է ընդունել Քելբաջարի ու Աղդամի մասով, բայց դե...): Այնպես որ, միջազգային հարաբերություններում, ուզենք թե չուզենք, ուժն է ծնում իրավունք: Տեսեք, թե ինչ է կատարվում Սիրիայում, Իրաքում. ամենուրեք մենք տեսնում ենք այդ «դաբրոների» հասկացողությունների կատարյալ տապալում, քանզի միջազգային իրավունքը դարձել է պայմանական հասկացողություն այդ տարածքներում: Նույնը կարելի է ասել Կոսովոյի, Ղրիմի, Աբխազիայի և այլ խնդիրների մասին:
Ահա թե ինչու Ղարաբաղի հարցում մենք պետք է հենվենք նախ և առաջ մեր ուժերի վրա։ Պետք է արդիականացնենք մեր բանակը և դարձնենք 21-րդ դարին համահունչ մարտունակ կառույց: Եվ միայն ուժի դիրքերից պետք է հանդես գանք բանակցություններում՝ հակառակորդին թելադրելով մեր ուզածը», - հայտարարել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը:
Խոսելով մեր հանրության շրջանում ռուսական դիրքորոշմանն առնչվող հարցերի մասին` Սամվել Բաբայանը կրկին նշել է, որ ոչ մեկից պետք չէ բողոքել։ «Լինի Ռուսաստանը, թե ԱՄՆ–ը։ Ամեն մեկն իր շահերն ունի, և պետք է անել ամեն ինչ, որ քո շահը հզորների շահերի հետ համընկնի, իսկ դրա համար պետք է լիարժեք սուբյեկտ դառնաս։
Ռազմավարական դաշնակից են դառնում ուժեղի հետ։ Ուժեղ պետությունն է գործընկեր դառնում և ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ երկրների համար: Ու ճիշտ հակառակը՝ թույլ երկիրը դատապարտված է դառնալու մանրադրամ, քանզի թույլի հետ ոչ ոք չի ուզենա երկարատև հեռանկարային հարաբերություններ հաստատել։ Պետք է մեկ բան շատ լավ հասկանալ՝ Ռուսաստանն ուզում է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ (նույնը Վրաստանի մասով)։ Ընդ որում՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունները և մեր՝ ՀԱՊԿ անդամ լինելու գործոնը՝ ռուսներն ավելի շատ հակված են մեր հետ սերտացնել հարաբերությունները: Դա ենթադրում է աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ ռազմական: Բայց դա չի ենթադրում, որ նրանք մեր տեղը պետք է կռվեն Ղարաբաղում: Այդպիսի բան չի եղել 90–ական թվականներին, չի լինի հիմա և չի լինելու ապագայում: Եվ այդ իմաստով Հայաստանի այսօրվա քաղաքական վերնախավը, հավանաբար, չի կարողացել բացատրել ժողովրդին, կամ ինքն էլ չի պատկերացրել, որ ղարաբաղյան հնարավոր պատերազմում ռուսներն ուղղակիորեն չեն օգնելու որևէ մեկին, և ԵՏՄ անդամ դառնալը որևէ երաշխիք չի տալիս, որ ռազմական բախում չի լինի», - ընդգծել է նա:
Պատասխանելով ապրիլյան վերջին թեժ բախումներից հետո իրավիճակը փոխելու և ադրբեջանական նոր ագրեսիայի հանարավորությանն առնչվող հարցին` Սամվել Բաբայանը նշել է, որ իր համար այս ամենը տեսանելի էր շատ շուտվանից, որովհետև 1994–ին պատերազմը, ցավոք, չի ավարտվել։ «Այլ հարց է, որ հաղթանակը դրանից հետո մսխվել է, իսկ հանրությանն էլ համոզել են, թե ամեն ինչ կարգին է։ Լավ է, որ այսօր այդ մասին արդեն Հայաստանում հասկանում է մեծամասնությունը: Ամեն ինչ կարելի է փոխել, բայց ասել, որ դրա համար շատ ժամանակ ունենք, խաբեություն կլինի: Կոնկրետ բանակի արմատական արդիականացման և նոր որակի կառավարման համար անհրաժեշտ է առնվազն 10 ամիս: Նույնը վերաբերում է նաև զենք–զինամթերքի նոր քանակների ստացման խնդրին», - ասել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարը:
Անդրադառնալով ղարաբաղյան չորսօրյա պատերազմին և դրա արդյունքներին առնչվող հարցին` Սամվել Բաբայանը նշել է, որ պատերազմի ու բանակի հետ կապված հարցերը առանձին խոսակցության թեմա են, և ինքը այդ թեմայի շուրջ անպայման կխոսի` սակայն այլ ֆորմատով։
Խոսելով իր առաջիկա անելիքի մասին` Սամվել Բաբայանը հայտարարել է, որ միքանի օրից կգնա Ղարաբաղ, քանզի իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է հենց այնտեղ, իսկ մնացածը ժողովրդի որոշելիքն է։ Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ միանալ որևէ քաղաքական ուժի, սակայն տեսնում է նոր մենթալիտետով մարդկանց, ովքեր ի զորու են լրջորեն ազդել քաղաքական գործընթացների վրա, և ինքը հուսով է, որ նրանք հաջողության կհասնեն:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը 1992 թվականից համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին, մասնավորապես, 1994 թվականին ԼՂՀ անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը: 2001 թվականին մեղադրվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար և դատապարտվել է 15 տարի ազատազրկման, սակայն 2010 թվականի սեպտեմբերին նրան ներում է շնորհվել: Այնուհետև Սամվել Բաբայանը Հայաստանում հիմնել է «Դաշինք» կուսակցություն, որը, սակայն, երկրի քաղաքական դաշտում հաջողություն չի ունեցել: Ավելի ուշ ֆինանսական լուրջ խնդիրների առնչությամբ Բաբայանն ստիպված հեռացել է Հայաստանից, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում և օրերս է վերադարձել Հայաստան: