Հայկական սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի նախաամանորյան առաջարկը`ապխտած կոկորդիլոսը, ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել:
ՙLe Monde՚ խմբի մեջ մտնող ՙCourrier International՚-ը մի ամբողջ հոդված է նվիրել այդ տարօրինակ դելիկատեսին`ՙԱպխտած կոկորդիլոս իսկական ամանորյա սեղանի համար՚: (ՙDu crocodile fume pour un nouvel an digne de ce nom՚): Անդրադարձ է կատարվել ինչպես ապխտած կոկորդիլոսի գնին (380 հազար դրամ կամ շուրջ 730 եվրո, այնպես էլ Հայաստանում միջին աշխատավարձին (ամսական 300 եվրո):
ՙCourrier International՚-ը նաև մեջբերում է արել ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի հարցազրույցից, որում նա նշել է, որ Նոր տարին վաղուց վերածվել է ուտելիքի տոնի: ՙԱյսօր կոկորդիլոս, վաղը վիշապ կդնեն սեղանին: Դա որևէ կապ չունի մեր ավանդույթների հետ: Առավել ևս, որ հայերը երբեք գիշատիչներ չեն օգտագործել սննդում՚,- ընդգծել է նա:
ՙCourrier International՚-ի ֆեյսբուքյան էջում տեղ գտած հոդվածը ևս մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Վերջիններիս զվարճացրել է այն, որ մարդն ու կոկորդիլոսը փոխվել են տեղերով /Կեցցե’ք: Ինչու՞ են միշտ կոկորդիլոսներն ուտում մարդկանց, այլ ոչ թե հակառակը/: Ընդհանուր առմամբ հայկական ամանորյա դելիկատեսի մասին հղումով կիսվել է ավելի քան 330 օգտատեր:
Ավելացնենք, որ չնայած բլոգերների կատակներին և քննադատությանը`բոլոր 3 ապխտած կոկորդիլոսները գտել են իրենց գնորդներին: