Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի, դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով անցնող տարվա արդյունքները:
ՙԵթե մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն ունենալ, պետք է անցնենք այդ համակարգին՚,- հայտարարել է նա: Նրա խոսքով, այդ օրենքը հասարակական դժգոհություն է առաջ բերել, քանի որ քաղաքացիները համարել են, որ իշխանությունները պատրաստվում են հարստանալ իրենց հաշվին, սակայն դա այդպես չէ: ՙԱյսուհետ ապագայի հանդեպ պարտավորություն է ստանձնում ոչ միայն պետությունը, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացի՚,- ասել է նա:
Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում կներդրվի 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: ՙՀայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին՚ օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):