Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչի մասին է վկայում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին հղված ուղերձը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վոլկովը:
ՙՌուս ուղղափառ եկեղեցին կօգտագործի իր ունեցած բոլոր հնարավորությունները խաղաղարար գործընթացին աջակցության համար՚,- նշել է Վոլկովը՝ ավելացնելով, որ նման մտադրությունների մասին է վկայում ՌՈւԵ առաջնորդի ուղերձն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ արյունահեղության և թշնամանքի դադարեցման համար ՙհոգևոր առաջնորդների իրենց ողջ հեղինակությունն՚ օգտագործելու կոչով:
Ավելի վաղ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն պատրիարք Կիրիլին տարածաշրջանում ՙհակամարտության արդար կարգավորման կողմնակից՚ է անվանել: Նրա խոսքով, Ղարաբաղում իրավիճակի վերջին սրացումից հետո ՌՈՒԵ-ն փորձել է կազմակերպել Կովկասի մահմեդականների վարչության նախագահի հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, սակայն դա անել չի հաջողվել:
Հայ առաքելական եկեղեցուց մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել, քանի որ Գարեգին II-ն այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: