Ավարտվում է 2013 թվականը: Հայաստանում տեղի ունեցած ի՞նչ իրադարձություններով այն Ձեզ համար հիշվեց:
Ամենահիշարժանը ժողովրդի գիտակցության արթնացումն էր, որ երկիրը գաղութացված է: Եվ, չնայած հերթական ապօրինի նախագահական ընտրությունների հետևանքով ժողովրդի հիասթափության ալիքին, Հայաստանի ինքնիշխանության համար պայքարող ուժերը հետզհետե ծավալվում են և կազմակերպվում: Այդ համատեքստում էական եմ համարում Նախախորհրդարանի` որպես ազատագրական պայքարի նախաձեռնողի արդյունավետ գործունեությունը: Նախախորհրդարանը Հայաստանի նորգաղութային կախյալությունը հաղթահարելու և Նոր որակի հայկական պետություն կառուցելու իր ծրագրին համապատասխան արդեն մշակել է այդ ապագա պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագիծը, ստեղծել է ժողովրդի կազմակերպման և նրա կամքը վերահաստատելու համար անհրաժեշտ հիմնական նախադրյալները: Դրանց թվում կարող եմ հիշատակել համաժողովրդական շարժման կայացման համար անհրաժեշտ ցանցային համակարգի սաղմերի ձևավորումը, առաջամարտիկ աջակիցների ներգրավումը: Աննախադեպ էր այսքան տարիների ընթացքում առաջին անգամ արտերկրաբնակ հայության շրջանում Նոր Հայաստանի ստեղծման նպատակով ցանցային սկզբունքով կազմակերպված Հայկական վերածնունդ շարժման ստեղծումը: Կարևոր եմ համարում նաև ապագա հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի այլընտրանքային ընտրության նախապատրաստական աշխատանքը, այդ թվում` Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների հաստատումը: Այժմ արդեն ՀՀ քաղաքացիները և արտըերկրում բնակվող մեր հայրենակիցները կարող են այդ չափանիշներին համապատասխան տվյալներ ունենալու դեպքում առաջադրվել որպես թեկնածու: Մենք հաշվի ենք առնում, որ Հայաստանը միայն դե-յուրե է անկախ և նրա մարմինները ոչ թե մեր ժողովրդի կամքն են արտահայտում, այլ օտար գաղութարարների և նրանց տեղական խամաճիկների շահերը: Ուստի պիտի ստեղծենք նաև դե-ֆակտո անկախ պետություն: Այդ պատճառով շատ կարևոր է պետական կառավարման համակարգից դուրս ժողովրդի կազմակերպումը, նրա կամքն արտահայտող մարմինների ձևավորումն ու լեգիտիմացումը:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին: ՌԴ-ն Հայաստանի հետ արդեն ունի ՀՕՊ միավորված համակարգ: Ի՞նչ նպատակներ է հետապնդում նոր` ավելի լայն համակարգի ստեղծումը: Ու՞մ դեմ է այն ուղղված լինելու:
Դա ընդամենը ձևաչափի փոփոխություն է և միտված է ԽՍՀՄ-ի վերականգնման մարմանջից բխող նպատակներն իրագործելուն: Հայաստանի համար պաշտպանական առումով ոչ մի բան չի փոխվելու:
Ռուսաստանն ուժեղացնում է 102-րդ ռազմակայանը, վարձակալում ՙԷրեբունի՚ օդանավակայանը: Տպավորություն է ստեղծվում, թե մեր դաշնակիցներն ուժեղացնում են ոչ թե Հայաստանը, այլ ընդամենն իրենց ներկայությունը: Ի՞նչ նպատակով է դա արվում, և որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի շահերին:
Զուտ ռազմական տեսակետից ներկայիս պայմաններում Հայաստանում Ռուսաստանյան ռազմակայանի օդուժի համալրումը փոքրաթիվ ուղղաթիռային պարկով դեռևս այդ ներկայության ուժեղացում չէ: Իսկ դաշնակից Հայաստանը չի կարող ունենալ, որովհետև, ինչպես նշեցի, Հայաստանը միայն դե-յուրե է պետություն, այսինքն` սուբյեկտ չէ, ուստի չի կարող դաշնակից ունենալ: Այդ պատճառով Ռուսաստանի ներկայությունը միայն իր շահերին է ծառայում: Ինչպես արդեն նշեցի, այդ ուղղաթիռների ավելացումն էական նշանակություն չունի, եթե նկատի ունենանք մեր տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը: Իսկ եթե Ռուսաստանը մտադիր է շատ ավելի մեծ ուժեր բերել Հայաստան (Արցախը ներառյալ), ապա պետք է նկատի ունենա, որ դա հանգեցնելու է հայ ժողովրդի դիմադրությանը, ինչպես նաև տարածաշրջանում առկա այլ ուժերի լուրջ հակազդեցությանը` դրանից բխող հետևանքներով:
Հայաստանի եվրասիական ինտեգրման որոշ կողմնակիցներ գտնում են, որ զենք մատակարարելով Ադրբեջանին`Մոսկվան նոր պարտավորություններ է դնում Բաքվի վրա`խոչընդոտելով Ադրբեջանի գործերին Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջամտությանը: Արդյո՞ք նման իրավիճակը համապատասխանում է ԼՂՀ և Հայաստանի շահերին:
Ստրկամիտ, հիվանդագին ռուսամոլությամբ տառապող, Հայաստանն առանց Ռուսաստանի հովանավորության չպատկերացնող անձանց երևայակությունն էլ կարող է սահման ունենալ: Ի դեմս այդ փաստարկումների` մենք ականատես ենք այդ երևակայության զավեշտական սահմանին:
Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Մինսկի գործընթացի ներկա փուլի նկատմամբ` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպման համատեքստում:
Մենք ունենք Արցախի հարցի լուծման մեր` հայանպաստ տարբերակը, որը նախատեսում է Հայաստանի դե-ֆակտո ինքնիշխանության ձեռբերումից հետո փաստացի Հայաստանի մաս դարձած Արցախը (ներկայիս փաստացի սահմաններով) հանրաքվեի միջոցով (միաժամանակ` ՀՀ-ում և Արցախում) վերջնականորեն միավորել Հայաստանին: Դժբախտաբար, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները մինչ օրս խաղաղության միջնորդի իրենց դերն օգտագործում են տարածաշրջանում իրենց շահերն իրացնելու համար, մինչդեռ կարող են ռեալ դեր ունենալ և հանրաքվեի անցկացման և թե հետագայում Ադրբեջանի ռազմատենչ մղումների զսպման ու տարածաշրջանում խաղաղության պահպանմանը նպաստելու հարցերում: Իսկ մինչ այդ հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած ապազգային ու հանցավոր վարչախումբն իրավունք չունի նրա անունից բանակցություններ վարել: Դրանց թե փուլային և թե վերջնական արդյունքները նույնպես իրավաչափ չեն, ուստի ենթակա են վերանայման:
Բաքվում գտնում են, որ Հայաստանն անդամակցում է Մաքսային միությանը`Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի միանշանակ աջակցությունը ստանալու նպատակով: Արդյո՞ք գործընթացում սկզբունքային փոփոխություններ եք սպասում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:
Նախ` Բաքվի վարչախումբը ևս չի արտահայտում Ադրբեջան կոչվող արհեստական պետության ժողովուրդների կամքը: Ուստի նրան ևս պետք է վերապահումով մոտենալ: Ինչ վերաբերում է Հայաստանի` ՄՄ անդամ դառնալուց հետո հնարավոր սկզբունքային փոփոխություններին, ապա պետք է հաշվի առնել, որ և ՄՄ ստեղծումը, և Եվրասիական միության ստեղծման պլաններն արդեն սկզբունքային փոփոխություններ են: Ավելին` դրանք նաև նախատեսված փոփոխություններին հասնելու միջոցներ են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանը (Արցախը ներառյալ), ինչու ոչ` նաև Ադրբեջանն ամբողջությամբ գաղութացնելու, ինչպես նաև տարածաշրջանում ուժերի հաշվեկշիռը փոփոխելու պլաններին: Բնական է, որ այդ պարագայում անիմաստ է երևակայել անգամ, որ հայության համար կարող է շահեկան իրավիճակ առաջանալ:
Թուրքիան շարունակում է պնդել տարածաշրջանում իր դերի ուժեղացում`որպես տարածաշրջանային տերություն: Արդյո՞ք այն կարող է ինչ-որ նոր բան առաջարկել, Հայաստանի ապաշրջափակման փոխարեն մի քանի շրջան հանձնելու սխեմայից բացի:
Ցեղասպանություն իրականացրած, հայ ժողովրդին իր բնօրրան Հայրենիքից տեղահանած, նրան իր Հայրենիքում ապրելու հնարավորությունից զրկած և այդ ամենը ժխտող պետությունը չի կարող դառնալ տարածաշրջանում կայունության հաստատման դերակատար: Առավել ևս` որ նա մինչ օրս շարունակում է ամեն կերպ ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և նախկինի նման ձգտում է հայության կենսական շահերի հաշվին առաջ մղել իր ծավալապաշտական նկրտումները: Ընդ որում` Թուրքիայի վարչախումբը, որը խուճապի մեջ է գտնվում հզորացող Իրանի աջակցությամբ արաբ ժողովրդի դիմադրության շնորհիվ Մեծ Մերձավոր Արևելքում կրած իր պարտության պատճառով, փորձում է տարածաշրջանի այս հատվածում առաջխաղացում ունենալ և դրանով փոխհատուցել իր պարտությունը: Ավելին` նա մտավախություն ունի, որ մեզ հարևան և բարեկամ Իրանի աջակցությամբ այստեղ ևս իրեն պարտություն է սպասում, ուստի փորձում է նախահարձակ լինել և կանխել վերահաս ձախողումը: Դրան հավելած` ինչպես արդեն ասացի, Հայաստանի կառավարող վարչախումբը չի ներկայացնում հայ ժողովրդի կամքը, ուստի նրանց բոլոր պայմանավորվածություններն ի սկզբանե անօրինական են և դեմ են առնելու հայ ժողովրդի միասնական դիմադրությանը: