Եվրամիության և Ադրբեջանի միջև ռազմավարական համաձայնագրի շուրջ բանակցությունների հիմնական փուլը կավարտվի ընթացիկ տարվա ամռանը, և դրանում իր արտացոլումը կգտնի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ինչպես «Թրենդի» հետ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, երկկողմ գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը կընդգրկի ԵՄ և Ադրբեջանի համագործակցության բոլոր ասպեկտները:
«Նոր երկկողմ համաձայնագրի շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու համար ԵՄ պետք է ստանա մասնակից երկրների թույլտվությունը, ինչը պարտադիր նախապայման է», - ասել է Զալբերը:
Ամփոփելով Բաքու այցի արդյունքները` ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, հստակեցրել ԵՄ ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի Ադրբեջան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին` ԵՄ հատուկ ներկայացուցիչը հաղորդել է, որ դրա կարգավորմանը կարելի է հասնել միայն գործընթացին երկու կողմերի մասնակցությամբ:
«Միջազգային հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել հակամարտունթյան կարգավորման վերաբերյալ, սակայն ընտրություն պետք է կատարեն իրենք` հակամարտող կողմեըր: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն 20 տարուց ավելի, առաջարկվել են դրա կարգավորման շատ ուղիներ, և հարցը կողմերի ընտրությունն է», - ամփոփել է Զալբերը: