«Նաիրիտցիները» չեն հավատում հերթական աշխատանքային խմբի արդյունավետությանը, որն ստեղծվել է գործարանում առկա իրավիճակի ուսումնասիրման նպատակով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է երբեմնի քիմիական հսկա «Նաիրիտի» նախկին աշխատակիցների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը:
Նրա ասելով, նորաստեղծ աշխատանքային խմբի ճակատագիրը ոչնչով չի տարբերվի այն խմբի ճակատագրից, որը երկար ժամանակ գործում էր Հայաստանի ԱԺ ենթակոմիտեի շրջանակում: Գործարանի աշխատակիցները խմբի ստեղծման մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից, չնայած այն հանգամանքին, որ նոր նախարարի նշանակումից հետո դիմել էին նրան, իսկ նա 2 ամիս էր խնդրել հարցն ուսումնասիրելու համար: «Մենք չենք վստահում խմբի բարի մտադրություններին և նրա հետ ոչ մի հույս չենք կապում, սակայն հետևողական կլինենք և կփորձենք հասնել այն բանին, որպեսզի խմբի կազմում ընդգրկվեն ձեռնարկության նախկին աշխատողների ներկայացուցիչներ», - հայտարարել է համակարգող խմբի անդամը: Շահվերդյանի հավաստմամբ, այդ նպատակով այս շաբաթ նախատեսվում է հանդիպում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ: Առաջիկայում նրանք ակնկալում են նաև հանդիպում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ:
Հիշեցնենք, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը եւ հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի եւ «Երեւան ՋԷԿ-ի» ներկայացուցիչներ։ Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Լ.Շահվերդյանը։ Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը` աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ։
Նշենք, որ տևական պարապուրդի մատնված «Նաիրիտ» գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանն զբաղեցնում էր համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: Գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մաստը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: