ՀՀ Վերահսկիչ պալատը վերափոխվելու է Հաշվեքննիչ պալատի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով, այդ փոփոխությունն իրականացվելու է՝ ՀՀ նոր Սահմանադրության 13-րդ գլխի համաձայն: Հանրապետականը հայտնել է, որ նախատեսվում է մինչև այս նստաշրջանի վերջն ավարտել օրինագծի շուրջ աշխատանքը՝ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի ընդունման նպատակով:
ՙՎերահսկիչ պալատի և ստեղծվող Հաշվեքննիչ պալատի գործունեության նպատակներն, ըստ էության, համընկնում են, սակայն Հաշվեքննիչ պալատն ունի մի քանի առավելություն, մասնավորապես՝ այն ավելի անկախ, բաց և թափանցիկ կլինի՚,- նշել է Մինասյանը՝ պարզաբանելով, որ համաձայն ՀՀ նոր Սահմանադրության՝ Հաշվեքննիչ պալատն ինքնուրույն է կազմելու իր հաշվետվությունները և կախված չի լինելու խորհրդարանից, ինչպես Վերահսկիչ պալատի դեպքում էր:
Նա տեղեկացրել է նաև, որ նորաստեղծ պալատը կենթարկվի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին աուդիտի, ինչը թույլ կտա մի քանի անգամ մեծացնել այդ կառույցի գործունեության արդյունավետությունը: Նա հայտնել է նաև, որ նախագծի մշակման հարցում կկիրառվի Էստոնիայի փորձը, որը հետխորհրդային երկիր է՝ կառավարման խորհրդարանական համակարգով, և որտեղ արդյունավետորեն կիրառվում է այդ հարցում եվրոպական փորձը: