Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Հռոմի պապի ապրիլյան ուղերձից Վատիկանի հետքայլի մասին Անկարայի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին «Թուիթերի» իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ նախորդ օրն ուշ երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին Վատիկան վերադարձնելու մասին, ով հետ էր կանչվել Անկարա 2015 թվականի ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պատարագից հետո, որի ժամանակ Հռոմի Ֆրանցիոսկոս պապը Մեծ եղեռնը անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Պաշտոնական Անկարան Սուրբ Աթոռի հետ բնականոն դիվանագիտական հարաբերությունների ձևաչափին վերադառնալու մասին հայտարարեց Վատիկանի կողմից հատուկ հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց: Այդ հայտարարության մեջ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Հայոց ցեղասպանությունը որակում է որպես «1915 թվականի ողբերգական իրադարձություններ»: «Բոլոր շահագրգիռ կողմերի պատմաբաննների և հետազոտողների համար արխիվները բացելու` Թուրքիայի կողմից շարունակաբար բարձրաձայնվող հանձնառությունը գնահատելի է: Նման քայլը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ այն ցավն ու տառապանքները, որոնց միջով անցել են պատերազմական կացության, հակամարտության ճիրաններում հայտնված մարդիկ` առանց տարբերակում դնելու նրանց ազգային կամ կրոնական պատկանելության մեջ: Դա վերաբերում է նաև 1915 թվականի ողբերգական իրադարձություններին», - նշված է Սուրբ Աթոռի երեկ տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: