Փետրվարի 2-ին «Ռոստելեկոմը» IP հեռուստատեսությամբ ապահովեց Նուբարաշեն համայնքում գտնվող «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությունը, ուր հաճախում է 1-ից 12-րդ դասարանների շուրջ 70 երեխա։
Հեռուստատեսային սարքը հնարավորություն կտա երեխաներին դասերից դուրս մանկավարժների ուղեկցությամբ դիտելու մի քանի տասնյակ ուսուցողական և գունագեղ մանկական, ինչպես նաև երաժշտական, սպորտային, ֆիլմերի, լրատվական ու ժամանցային հեռուստաալիքներ։ Ընդհանուր առմամբ 6-18 տարեկանների տարիքային խմբին հետաքրքրող հեռուստաալիքների թիվը «Ռոստելեկոմի» հեռուստատեսային ծառայությունների շարքում հասնում է 148-ի։
Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ ուսումնական հաստատություններում դասերը փետրվարի 1-ին վերսկսելու հրամանը՝ «Ռոստելեկոմն» անակնկալը մատուցեց անմիջապես նոր ուսումնական կիսամյակի մեկնարկին։ «Մեզ համար շատ կարևոր է բոլոր բաժանորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ, նույնքան կարևոր են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում երեխաների և ծերերի խնամքի կենտրոններին տրամադրվող ծառայությունները։ Նուբարաշենի «Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2» գիշերօթիկ հաստատությանն աջակցություն ցուցաբերվում է 2013 թվականից, և այն շարունակական բնույթ է կրելու։»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան, «ՋԻԷՆՍԻ- ԱԼՖԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հիշեցնենք՝ դեռ 2013 թվականի հունիսից «Ռոստելեկոմը» Նուբարաշենի՝ Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ թիվ 2 հաստատության տարածքում կառուցեց ներքին համակարգչային ցանց և մինչ օրս անվճար հիմունքներով լայնաշերտ ինտերնետով է ապահովում հաստատության դասասենյակներն ու համակարգչային սրահը: