Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ խորհրդարանն ընդունել է օմբուդսմենի հրաժարականը՝ այդպես էլ չպարզաբանելով իրավիճակը

$
0
0

 ՀՀ խորհրդարանը 2016 թ. առաջին նիստում ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը:

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նույնպես վաղաժամ հրաժարական է տվել: Նա նշել է, որ առաջին մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանի գործունեությունը ևս ոչ բնական պայմաններում ավարտվեց՝ սկանդալային ֆոնով: ՙԸնդհանրապես հետաքրքրվե՞լ եք, թե ինչ է տեղի ունեցել օմբուդսմենի հետ, ով վատ չէ աշխատել: Լուրեր են պտտվում, որ Անդրեասյանին ստիպել են հրաժարական տալ. նա ճնշումների և շանտաժի է ենթարկվել: Այդ ամենը կապվում է մեկ անվան՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հետ: Չե՞ք կարծում, որ իրավապահ մարմինները պետք է զբաղվեն դրանով, քանի որ եթե երկրում դեսպանը շանտաժի և ճնշումների միջոցով ստիպում է անձեռնմխելիություն ունեցող օմբուդսմենին հրաժարական տալ, ապա ակնհայտ է հանցակազմի առկայությունը՚,-դիմել է Փաշինյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանին, ով ներկայացնում էր այդ պաշտոնին թեկնածուների առաջադրման կարգը:

 

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր հերթին առաջարկել է Անդրեասյանին խորհրդարան հրավիրել և լսել հրաժարականի պատճառի նրա վարկածը: ՙԵթե պատգամավորները հաստատել են նրա թեկնախությունը, պետք է իմանան նաև նրա հրաժարականի պատճառների մասին՝ հատկապես, եթե շրջանառվում են լուրեր այն մասին, որ նրան ստիպել են անել դա՚,- ընդգծել է նա: Ի պատասխան՝ Սահակյանը հայտարարել է, որ դա նախատեսված չէ խորհրդարանի կանոնակարգով:   

 

Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 13-ին: Արդեն երկար ժամանակ Անդրեասյանի և Հանրապետական կուսակցության որոշ շրջանակների միջև բավականին լարված հարաբերություններ են: Պատճառը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջև կոնֆլիկտն է: Անդրեասյանն օմբուդսմենի պաշտոնում ընտրվել էր 2011 թ. մարտին՝ 6 տարի ժամկետով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles