Ադրբեջանի գյուղացիներն առանց ոռոգման ջրի են մնացել իրենց նախագահ Իլհամ Ալիևի անձնական նախաձեռնությամբ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Այսօր մենք կարող ենք համարձակ նման հետևություն անել, հաշվի անռնելով, որ պաշտոնական Բաքուն անտեսել է Սարսանգի ջրամբարի ջրային պաշարների փոխշահավետ օգտագործման շուրջ երկխոսության հաստատմանը նպատակաուղղված Արցախի իշխանությունների բազմաթիվ նախաձեռնությունները: Մասնավորապես, անտեսվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով բարձրաձայնված համագործակցության առաջարկությունները», - ընդգծել է Մելիքյանը:
Այդ լույսի ներքո վերլուծաբանն առնվազն տարօրինակ է համարել ԵԽԽՎ պատգամավորներից մեկի նախաձեռնությունը: Հունվարի 26-ի նիստում ուղղումներով հավանություն տալով Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից» զեկույցին` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցը:
«Ընդհանուր առմամբ, Մարկովիչի զեկույյցն ընդգրկում էր ղարաբաղյան հակամարտության հումանիտար չափումը, նպատակ ունենալով ցույց տալ այն տառապանքը, որն իբր Արցախը միտումնավոր կերպով պատճառում է ԼՂՀ-ին սահմանակից ադրբեջանական գյուղերին: Ինչպես տեսնում ենք, իրականում այդ բոլոր տառապանքները սեփական քաղաքացիներին պատճառում են ոչ թե ԼՂՀ, այլ Ադրբեջանի իշխանությունները, խոչընդոտելով ջրօգտագործման, անկասկած, փոխշահավետ նախագծերի իրագործմանը», - ամփոփել է վերլուծաբանը: