Իրանի համար դեպի Սև ծով լավագույն ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով: Հունվարի 19-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը զուտ ներքաղաքական նկատառումներով ավելի սրեց քրդերի հետ ծածուկ մարմրող դիմակայությունը, Թուրքիայի տարածքը պակաս հրապուրիչ դարձավ Իրանի համար` որպես տարանցման միջանցք: Էրդողանն, անշուշտ, լիակատար հաղթանակի հասավ խորհրդարանական ընտրություններում, սակայն այդ հաղթանակի գինը թուրքական պետության համար չափազանց բարձր էր», - ընդգծել է իրանագետը:
Ոսկանյանի գնահատմամբ, Իրանի համար որպես տարանցման միջանցք քիչ հրապուրիչ է նաև Ադրբեջանի տարածքը: Իրանագետը Բաքվի ռեժիմի նկատմամբ Թեհրանի բավականին հիմնավոր անբարեհաճության գլխավոր ինդիկատոր է համարում շիաներով բնակեցված Նարդարանի իրադարձությունները, որոնց ընթացքում իրականացվեցին կրոնական քարոզիչների զանգվածային ձերբակալություններ:
Այդպիսով, նման աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում, Հայաստանը, Ոսկանյանի գնահատմամբ, Իրանի համար, ըստ էության, անայլընտրանք միջանցք է սևծովյան նավահանգիստներ ելքի համար` դեպի հյուսիս և Եվրոպա շարունակությամբ: