Ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա: Այդ մասինհայտարարել է ԱԱԾ տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը` դեկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր նիստում:
Նրա խոսքով, Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզական մարմնի կազմում ստեղծված են հատուկ ստորաբաժանումներ, որոնք զբաղվում են ծանր հանցագործությունների, մասնավորապես պատվերով սպանությունների օպերատիվ բացահայտմամբ: Վերջին նմանատիպ դեպքը, կապված Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի հետ, ցույց է տալիս, որ ոչ մի պատվերով սպանություն չբացահայտված չի մնա, նշել է Գորիկ Հակոբյանը: ՙՄեր ծառայության բարձր որակավորում ունեցող մասնագետները, որոնք այս պահին էլ զբաղվում են նման ծանր հանցագործությունների բացահայտման խնդիրներով, ունեն բոլոր պահանջվող որակները, նորագույն գիտելիքներն ու փորձը, որը կա աշխարհի ամենաարդյունավետը համարվող հատուկ ծառայություններում՚,- հայտարարել է գեներալ-գնդապետը:
Ծառայության հակահետախուզական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում կասեցվել է նաև օտարերկրյա քաղաքացիներից բաղկացած անդրազգային մի քանի հանցավոր խմբերի գործունեությունը, որոնք բանկային քարտերով Հայաստանի Հանրապետության տարածքում խարդախությամբ պատճառել են շուրջ 950 միլիոն դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է: ՙԲացահայտվել են միջազգային մուտքային հեռախոսազանգերի ապօրինի ուղղորդումների, ինչպես նաև կապի օպերատորների նախկին ղեկավարների կողմից խոշոր գումարների յուրացման նպատակով 2,5 միլիոն դոլարից ավելի անապրանք գործարքների դեպքեր, որոնց արդյունքում պատճառված 830 միլիոն դրամի չափով վնասը նույնպես վերադարձվել է պետական բյուջե: Հայաստանի Հանրապետություն տարբեր տեսակի ապրանքների մաքսանենգ ներկրումների խափանման արդյունքում վերականգնվել է պետական բյուջեին հասցված ավելի քան 1 մլրդ 200 մլն դրամի չափով վնասը՚,- նշել է ԱԱԾ տնօրենը:
Ինչպես նշել է Գորիկ Հակոբյանը, ակնառու ցուցանիշներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ: ՙՁեռնարկված միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայությանը հաջողվել է բացահայտել Հայաստանի Հանրապետության տարածքով թմրամիջոցների տարանցիկ առաքման երկու ուղի. առաջինը` Լատինական Ամերիկայից Հայաստանով Թուրքիա, ապա դեպի Եվրոպա, իսկ մյուսը` Իրանից Հայաստանով Արաբական Միացյալ Էմիրություններ, ապա Մալայզիա: Ընդհանուր առմամբ բացահայտվել և խափանվել է նշված ուղիներով Հայաստանի Հանրապետության տարածք 1 տոննա <<Հերոին>>, շուրջ 23 կգ <<Կոկաին>>, 13 կգ <<Ափիոն>> և 36 կգ <<Մետամֆետամին>> տեսակի թմրանյութերի մաքսանենգ ներկրման փորձ: Տարբեր երկրների <<սև շուկաներում>> այս ամբողջ ծավալի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմաններում՚,- ասել է ԱԱԾ տնօրենը: