Բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի ՙԲռնության աճ Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում՚ զեկույցն ընդգրկվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանի օրակարգում:
Նման որոշում ընդունվել է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի նիստում: Որոշումն ընդունվել է 26 ՙկողմ՚, 10 ՙդեմ՚ ձայնով, չորս պատվիրակ ձեռնպահ է մնացել:
Այդպիսով՝ հայկական պատվիրակության ջանքերն ապարդյուն են անցել: Ավելի վաղ հայկական պատվիրակությունը բազմիցս իր վրդովմունքն է հայտնել՝ կապված զեկույցում տեղ գտած սուբյեկտիվ ձևակերպումների հետ: Հայ պատվիրակները նաև կոչ են արել ԵԽԽՎ-ին ընդհանրապես չանդրադառնալ ղարաբաղյան խնդրին, քանի որ դրա համար գոյություն ունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, և դրանից դուրս ցանկացած քննարկում կարող է խոչընդոտել միջնորդների աշխատանքին: Սակայն, հայկական կողմի փաստարկները հաշվի չեն առնվել:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները հայտարարել են, որ զեկույցի ընդունման դեպքում համապատասխան միջոցներ կձեռնարկեն՝ չճշտելով, թե ինչպիսի: