Տուլայի մարզում վթարի հետևանքով վիրավորների և զոհվածների մարմինների տեղափոխումը կազմակերպելու նպատակով երեկ երեկոյան ՌԴ է մեկնել միջգերատեսչական հանձնաժողովը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Ինչպես նշել է Խանգելդյանը, միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրը Տուլայի մարզում ՃՏՊ հետևանքով տուժածների անձնագրային տվյալների ճշտումն է, ինչպես նաև Ուզլովայա, Կիրեևսկ և Նովոմոսկովսկ քաղաքների բժշկական կենտրոններում գտնվող վիրավոր ուղևորների և զոհվածների մարմինների տեղափոխման կազմակերպումը: Նախնական տվյալներով, Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների մարմինները և տուժածների մի մասը Հայաստան կտեղափոխվեն Ռուսաստանի ԱԻՆ հատուկ չվերթով: Քննարկվում է նաև ծանր վիճակում գտնվող ուղևորների՝ Մոսկվայի բուժկենտրոններում բուժման հետագա կազմակերպման հարցը, նշել է ՀՀ ՏԿԱԻՆ ներկայացուցիչը: Բաց է մնում ՃՏՊ հետևանքով չտուժած ուղևորների տեղափոխման հարցը:
Նոյեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը Մոսկվա-Երևան երթուղով շարժվող ավտոբուսի կողաշրջման հետևանքով, ԱԻՆ տվյալներով, զոհվել է ութ մարդ, տուժել է 35 մարդ: Ավտոբուսը պատկանում է հայկական «Քինգ Դելյուքս» ընկերությանը: Տուլայի մարզի ոստիկանությունը ՃՏՊ փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և փոխադրամիջոցների շահագործման կանոնների խախտում, որն անզգուշության հետևանքով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան):