Ոմանք սխալմամբ գտնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է բացառապես երկրի տնտեսական քաղաքականության տարր լինի: Իրականում կոռուպցիայի դեմ պայքարն անմիջականորեն կախված է իշխանությունների քաղաքական կամքից և քաղաքական լուծումներ է պահանջում: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով տնտեսական քաղաքականության արդի մարտահրավերները Հայաստանում ու դրանց լուծման ուղիները:
Ինչպես նշել է տնտեսագետը, վերջին ժամանակներս բոլորը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանից մինչև եվրոպական երկրների և միջազգաին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, խոսելով Հայաստանի մասին, անպամյան շեշտը դնում են կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման անհրաժեշտության վրա: ՙՀամաձայն այդ հայտարարությունների, եթե Հայաստանի Հանրապետությունը հավակնում է տնտեսական զարգացման, պետք է արմատախիլ անի գոյություն ունեցող մոնոպոլիաները և կոռուպցիան: Այդպիսով՝ նրանք հուշում են Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրների լուծման ուղիները՚,-բացատրել է Խաչատրյանը: Տնտեսագետը համոզված է, որ կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքարը քաղաքական լուծումներ է պահանջում, քանի որ, նրա կարծիքով, օգտագործելով ազդեցության տնտեսական լծակները, կարելի է հակառակ էֆեկտի հանգել՝ կոռուպցիայի մակարդակի բարձրացման և մոնոպոլիաների ձևավորման:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատությունե ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում:ՙԿոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը՚,- ասել է Միլսը: Դեսպանի խոսքով, հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքներ և կամք, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: ՙԵթե մենք չկարողանանք լուծել կոռուպցիայի խնդիրը, որը լուրջ խնդիր է այս երկրում և մեծ դեր ունի Հայաստանի ամենօրյա կյանքում, դա մեծապես կազդի մեր հարաբերությունների վրա շատ կոնկրետ ոլորտներում: Օրինակ՝ ներդրումների: Ես մեծ ջանքեր եմ գործադրում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային հարաբերությունները, ներդրումները խրախուսելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ հիմա ժամանակն է կենտրոնանալու դրա վրա: Սակայն ամերիկյան ներդրումներ հրապուրելու համար ներդրողները պետք է իմանան, որ մուտք են գործում մի միջավայր, որտեղ բոլորին նույն կերպ են վերաբերվում, որտեղ անարդար մրցակցություն չկա, պետական ծառայությունները հավասարապես հասանելի են բոլորին: Եվ եթե հակակոռուպցիոն խորհուրդը չլուծի այս խնդիրները, կարծում եմ դա կվնասի այստեղ ներդրումներ կատարելու հնարավորությունները՚,- ասել է դեսպանը: ԱՄՆ դիվանագետը նաև գործարարներին հորդորել է չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: