Երբ Հայաստանում ժողովրդավարական իշխանություն լինի, այդ ժամանակ կբացահայտվեն ինչպես հոկտեմբերի 27-ի գործը, այնպես էլ մնացած բոլոր հանցագործությունները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանում սպանվեցին ժողովրդավարությունը և ընտրությունների ինստիտուտը: ՙԱյդ ահաբեկչությունը մեկ նպատակ ուներ՝ ոչնչացնել բոլոր լծակները, որոնք խոչընդոտում էին անձին կամ մի խումբ անձանց ամբողջովին զավթել իշխանության բոլոր օղակները ու օգտագործել դրանք երկիրը թալանելու համար՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչն ավելացրել է, որ այդ ահաբեկչությունից հետո Հայաստանը չի կարողանում դուրս գալ սարդոստայնից: Երկրում ձևավորվել է իշխանության մոնոպոլիա, իսկ բոլոր ընտրությունները կեղծվում են, ինչի հետևանքով երկիրը չի զարգանում: ՙԱյդ օրը սպանվեցին երկրի՝ վերջին արդար ընտրված առաջնորդները՝ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը: Մինչ այսօր մենք չենք կարողանում վերականգնել արդարությունը, որպեսզի իշխանության գան օրինական ընտրված քաղաքական գործիչներ՚,- ասել է նա:
16 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի շենք ներխուժած ահաբեկիչների խումբը նիստերի դահլիճում գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին և ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Կոտանյանին և Հենրիկ Համբարյանին: Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա ազգականներ Կարեն Հունանյանն ու Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը: Ահաբեկչության կազմակերպիչները մինչ այսօր անհայտ են մնում: