Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվի, քանի դեռ իշխանության ղեկին է գտնվում ներկայիս ռեժիմը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է1999 թ. հոկտեմբերի 27-ին սպանված Կարեն Դեմիրճյանի որդին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ըստ որում, նա համոզված է, որ եթե տեղի չունենար այդ ահաբեկչությունը, Հայաստանը միանգամայն այլ հունով կզարգանար: ՙԱյդ ահաբեկչության հետևանքները մենք մեզ վրա զգում ենք մինչև հիմա, ինչի մասին է վկայում նաև երկրում ստեղծված իրավիճակը՚,- ասել է Դեմիրճյանը:
16 տարի առաջ այս օրը Ազգային ժողովի շենք ներխուժած ահաբեկիչների խումբը նիստերի դահլիճում գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին և ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Կոտանյանին և Հենրիկ Համբարյանին: Ահաբեկչական խմբի կազմում էին նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, նրա ազգականներ Կարեն Հունանյանն ու Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը: Ահաբեկչության կազմակերպիչները մինչ այսօր անհայտ են մնում: