ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հոկտեմբերի 13-ին ՀՀ ՍԴ ղեկավար Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու փորձի վերաբերյալ ապացույցներով նամակ կհրապարակի: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին:
ՙԵս նամակ կհրապարակեմ, ինչից հետո ամեն բան պարզ կդառնա՚,-նշել է նա: Զուրաբյանը հայտարարել է նաև, որ Հայաստանի իշխանությունները Հարությունյանին խոստացել են երկրի նախագահի պաշտոնը՝ սահմանադրական բարեփոխումների հաջող անցկացման դեպքում: Լրագրողների այն հարցին, թե ինչու է Զուրաբյանն այդքան վստահ դրանում, նա հայտարարել է. ՙԻ տարբերություն շատերի՝ ես գիտեմ, թե ինչ է կատարվում լաբորատորիայում՚:
Նշենք, որ Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ուսումնասիրելու նպատակով
Հոկտեմբերի 9-ին խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սահմանադրական դատարանի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը փորձել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին, և ՀԱԿ-ն ունի դրա ապացույցները: ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը հրաժարվել է մեկնաբանել սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ դրական արձագանք ստանալու նպատակով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից Վենետիկի հանձնաժողովին կաշառելու փորձի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունները՝ մառազմատիկ անվանելով դրանք: