Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ լրագրողների և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աշխատակիցների հավաքականների միջև ֆուտբոլային բարեգործական հանդիպումը հավաքեց 1 մլն.դրամ: Հավաքված միջոցները կուղղվեն սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: Ընդ որում, այդ միջոցներն իր կողմից բարեգործությանն է հատկացրել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ:
Իր երախտագիտությունը հայտնելով բարեգործակալ հանդիպման բոլոր մասնակիցներին, հատկապես Յուրի Ջորկայեֆին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը նշեց, որ բանկն առաջին անգամը չէ իրականացնում բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են Գավառի մանկատանը:
Ֆուտբոլային բարեգործական հանդիպումը կայացավ հոկտեմբերի 2-ին, «Փյունիկ» ակումբի մարզադաշտում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թիմի կազմում հանդես եկավ Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականնի կազմում` Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ, ներկայումս «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը: Հանդիպման ավարտին Յուրի Ջորկայեֆն ինքնագիր բաժանեց ցանկացողներին:
Նշենք, որ Յուրի Րաֆֆի Ջորկաեֆը (Youri Raffi Djorkaeff) ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում: Նրա հայրը` կալմիկի և լեհուհու որդի, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆը հանդես է եկել Ֆրանսիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի առաջնությանը, մայրը հայուհի է` Մարի Օհանյան: Յուրին մեծացել է հայկական սփյուռքում: Յուրին իր մասնագիտական կարիերան սկսել է 1984 թվականից: 1984-89թթ-ին խաղացել է «Գրենոբլ» թիմում, 1989-90-ին՝ «Ստրասբուրգ», 1990-95-ին՝ «Մոնակո»,
1995-96-ին՝ «Պարի Սեն Ժերմեն», 1996-99-ին՝ «Ինտեր», 1999-2000-ին՝ «Կայզերսլաուտեռն»,
2002-ից՝ «Բոլթոն» ակումբներում: Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացել է 76 խաղ, խփել 28 գնդակ, դարձել է աշխարհի (1998), Եվրոպայի (2000) չեմպիոն, Համադաշնությունների գավաթակիր (2001): «Պարի Սեն Ժերմենի» կազմում՝ Եվրոպայի (1996), Միլանի «Ինտերի» կազմում՝ ՈՒԵՖԱ-ի (1998) գավաթակիր: 1991-ին «Մոնակոյի» կազմում նվաճել է Ֆրանսիայի գավաթը: 1994-ին ճանաչվել է Ֆրանսիայի առաջին դիվիզիոնի լավագույն ռմբարկու (20 գնդակ): 1997-ին Ինտերի լավագույն ֆուտբոլիստ: