Հայաստանի ամեն քաղաքացի, այդ թվում այստեղ ազատորեն բնակվող ազգային փոքրամասնությունները պատրաստ են մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել մեր հայրենիքի սահամանները: Այդ մասին ասվում է Սինջար եզդիների ազգային միավորման հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
Հայտարարությունում նշվում է, որ հայաստանաբնակ եզդիները դատապարտում են Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները և կոչ են անում միջազգային հանրությանը ձգել Ադրբեջանի սանձերը, հակառակ պարագայում` իրենց չմեղադրել Ադրբեջան հորինված պետության ոչնչացման մեջ:
«Մի քանի օր է ադրբեջանցի բաշիբոզուկները շարունակում են հրթիռակոծել մեր հայրենիքի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջան ահաբեկչական պետությունը հարձակումներ է իրականացնում նաև խաղաղ բնակչության նկատմամբ և արդեն իսկ սպանվել են քաղաքացիական երեք անձիք, երեքն էլ կանայք: Ադրբեջանի գործողությունները նմանվում են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործելակերպին», - նշվում է հայտարարությունում, որի հեղինակները տոկունություն են մաղթում սահմանին կանգնած հայ, եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, լեհ, ուկրաինացի եղբայրներին, իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությանը կոչ են անում անհրաժեշտության դեպքում ստեղծել կամավորական խմբեր և զորակոչել նաև իրենց կազմակերպության ներկայացուցիչներին` որպես Հայկական բանակի զինվորների:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահմանման ռեժիմի խախտման հետեւանքով ՀՀ Տավուշի մարզում երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Սակայն Հայաստանի ԶՈՒ պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը նահանջել է, կրելով բազմաթիվ կորուստներ, ըստ նախնական տվյալների` 5 զոհ և նույնքան վիրավոր: Լիովին ոչնչացվել է Ադրբեջանի ԶՈՒ երկու պահակակետ:
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:
Սեպտեմբերի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /16 արկ/, 82 /28 արկ/, և 120մմ /2 արկ/ ականանետերից ու ՌՊԳ-7 /1 արկ/ և ՀԱՆ-17 /30 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: