Նյու Յորքում «լուրջ զրույց» է տեղի ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի միջև: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին իրադարձություններին առնչվող հարցեր, որոնք խաղաղ բնակիչների մահվան պատճառ են դարձել: «Մենք քննարկեցինք, թե ինչ անել բռնության վերջին դեպքերի, հատկապես, խաղաղ բնակիչների սպանության փաստերի առնչությամբ», - հայտարարել է Ուորլիքը:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հաղորդման համաձայն, Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։
Նախօրեին հակառակորդի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ ինտենսիվ հրետանային գնդակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում Ադրբեջանը կորուստներ է կրել` 5 զոհ և 5 վիրավոր: