Ազգային ժողովում ընթանում է ստորագրահավաք սեպտեմբերի 18-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար: Սեպտեմբերի 17-ին այդ մասին հաղորդել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը:
«Այսօր մենք չենք հասցնի ավարտել Հայաստանի սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, ուստի անցկացվում է ստորագրահավաք` արտահերթ նիստ գումարելու համար», - նշել է խորհրդարանի ղեկավարը:
Քննարկումներն ընթանում են սպետեմբերի 15-ից, որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների հարցերով ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած նախագիծը սպետեմբերի 11-ին ներառվել էր ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի լիակազմ նիստի օրակարգում, որը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին` ավելի վաղ արժանանալով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական գնահատականին: Դեմ էին արտահայտվել պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Գագիկ Ջհանգիրյանը (ՀԱԿ), ինչպես նաև Տիգրան Ուրիխանյանը (ԲՀԿ) և անկուսակցական Էդմոն Մարուքյանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախագիծը խորհդրարան էր ուղարկել օգոստոսի 21-ին: