ՀԱՊԿ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում, Հայաստանը մտադիր է բարձրացնել հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության աճի հարցը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքվո, վերջերս Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այդ թեման է շոշափել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միաժամանակ, ինչպես ընդգծել է փոխնախարարը, հարկավոր է գիտակցել, որ չի կարելի սեփական անվտանգության ապահովման հարցերն ուրիշի վրա դնել: ՙՀայաստանն ամենից առաջ պետք է իր սեփական ուժերի վրա հենվի՚,- նշել է Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն ուժադրությունը սևեռում է բացառապես իր խնդիրների վրա, որոնք ձեռնտու են իրեն, ինչը և արգելակում է բանակցային գործընթացը: ՙԱյդ հարցում տեղաշարժեր չեն լինի, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը՚,- նշել է Շավարշ Քոչարյանը: