Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանն ամեն ջանք կգործադրի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի համար

$
0
0

 Նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարելի է որակել կառուցողական: Այդ մասին դեկտեմբերի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Նա հաղորդել է, որ երկու երկրների նախագահներն արտգործնախարարներին հանձնարարել են առաջին իսկ հնարավորությունն օգտագործել հանդիպում անցկացնելու և բանակցությունները շարունակելու համար`  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացնելու նպատակով:

 Արտգործնախարարն ընդսմին հիշեցրել է, որ դա նախագահների մակարդակով առաջին հանդիպումն էր 2012 թվականի հունվարից ի վեր: Նրա ասելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս փորձել են կազմակերպել հանդիպում, սակայն`  ապարդյուն, և ոչ հայկական կողմի մեղքով, հանդիպումները ձախողում էր ադրբեջանական կողմը: Ինչպես նշել է Հայաստանի արտգործնախարարը, ադրբեջանական կողմը վերջին անգամ ձախողել էր ընթացիկ տարվա հունիսի հանդիպումը, երբ դրա օրն ու վայրն արդեն որոշված էին: «Հուսով ենք, որ Վիեննայի հանդիպումը նոր հնարավորություններ կբացի, և առաջին հնարավորությունը կլինի վաղը: Կիևում ԵԱՀԿ նախարարների հանդիպման շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում», - ընդգծել է Նալբանդյանը: Հայաստանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ ամեն ջանք կգործադրվի բանակցային գործընթացում հնարավոր առաջընթացի համար:

 «Իհարկե, շատ կարևոր է հակամարտությունը կարգավորելու կողմերի ցանկությունը, սակայն կարևոր է նաև խնդրի կարգավորման նկատմամբ իրատեսական մոտեցում դրսևորելու կողմերի ցանկությունը», - նշել է դիվանագետը: Նա ընդսմին ավելացրել է, որ իրատեսական մոտեցման համար հիմք կարող են ծառայել ԵԱՀԿ նախագահող երկրների արտգործնախարարների հինգ հայտարարություններում հրապարակված առաջարկությունները: «Հայաստանը պաշտպանում է այդ մոտեցումները, և եթե ադրբեջանական կողմը նույնպես դրանք պաշտպանի, ապա հնարավորություն կներկայանա հաշտության բանակցային գործընթացում առաջընթացի համար», - ամփոփել է Հայաստանի արտգործնախարարը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles