Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների շուրջ լսումներ կանցկացվեն: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի կազմակերպած լսումներին հրավիրված են քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: ՙԱկնկալում ենք Հիմնական օրենքին համապատասխանող առողջ քննարկումներ՚,- ասել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Այս շաբաթ Սերժ Սարգսյանը քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ է սկսել: Միաժամանակ, ՀՀ նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցովե եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: