Կարեն Դեմիրճյանի անվան Մարզա-համերգային համալիրի ճարտարապետական պատկերը խախտող ոչ մի շինարարություն չի լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է ՀՀ Պետական գույքի կառավարման գործակալության ղեկավար Արման Սահակյանը:
Նրա խոսքով, ՄՀՀ ներդրումային ծրագրի հիմքում ընկած են թարմ գաղափարներ, որոնք կապահովեն համալիրի կայուն զարգացումը: Սահակյանը նշել է, որ ՄՀՀ կառուցապատումը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց գնացող ճանապարհին: «ՄՀՀ-ին հարակից այդ տարածքում էլ հնարավոր է, որ կարող է կառուցվել կազինո»,-հավաստել է Սահակյանը:
Արման Սահակյանը ներկաներին պարզաբանել է համապատասխան օրենքի դրույթները, հայտարարելով, որ 100 մլն.դոլարի ներդրում կատարելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ներդրող կարող է կազինո կառուցել քաղաքի տարածքում: «Մենք ելնում ենք այն դրույթից, որ ցանկացած կառուցապատում պետք է համապատասխանի ՄՀՀ-ի պահպանմանը»,-նշել է Գործակալության ղեկավարը:
Ինչ վերաբերվում է այդ ներդրողի անձին, ապա, նրա խոսքով, գործադիր իշխանությունն աշխատում է ոչ թե առանձին անձանց, այլ միայն ներդրումային ընկերությունների հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 13-ին ՀՀ կառավարության նիստում կայացվել է Համապատասխան որոշում, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն ուղղակի վաճառքի ձևով օտարվում է ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ ՍՊԸ-ին` 30 մլն ԱՄն դոլարի դիմաց: Կառավարությունը միաժամանակ հավանություն է տվել ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ -ի ներդրումային ծրագրին: Նախագիծը նախատեսվում է իրականացնել 4 տարվա ընթացքում` ներդնելով 100 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան դրամական միջոցները ներգրավվելու են արտասահմանից: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հնարավոր է, որ Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ գնորդներն են հանդիսանում ՀՀ նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Վաչե Ղազարյանը և ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Վարդան Ավազյանը:
Մարզահամերգային համալիրը բացվել էր 1983 թվականին, սակայն մեկուկես տարի անց խոշոր հրդեհի հետևանքով փակվել էր մինչև վերանորոգման ավարտը` ընդհուպ 1987 թիվը: 1999 թվականին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի զոհ դարձավ նաև ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ՄՀՀ կոչվեց նրա անունով: 2005 թվականի հոկտեմբերի 9-ին համալիրը 5,7 մլն ռուսական ռուբլով վաճառվեց ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել էր այն վերակառուցել, ինչը տևեց շուրջ երեք տարի և արժեցավ 42 մլն դոլար: Հետագայում համալիրը պարտքեր կուտակեց, ինչի արդյունքում սնանկ ճանաչվեց: ՄՀՀ գույքային համալիրը վերադարձվեց պետությանը` ի դեմս Պաշտպանության նախարարության: