Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին և ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում, ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որի տեքստն ԱրմԻնֆո-ինէ տրամադրել ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայտարարությունում նշվում է, որ հրադադարի ամենօրյա խախտումներն իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականենատերից:
«Օգոստոսի 11-12 գիշերը միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ: Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետևանքներով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարևորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու և այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձևավորման, ինչպես նաև հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունում: