ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցի նպատակներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման ժամկետի որոշումն է, ինչպես նաև հարցերի շրջանակի ձևավորումը, որոնք քննարկվելու են այդ հանդիպման ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:
Համանախագահի ասելով, եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման: Նա նաև հույս է հայտնել, որ Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից հետո սահմանին լարվածության աճի վերաբերյալ կանխատեսումները չեն իրականանա: «Կողմերը պետք է աշխատեն պահպանել և հարգել զինադադարը: Վատագույն հետևանքը կլինի բռնությունների վերսկսումը, որը չի ծառայի խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կարող աշխատել բանակցված կարգավորման հասնելու ուղղությամբ, եթե հակամարտությունը ընդլայնվի», - հայտարարել է նա:
Հիշեցմանը, որ օրեր առաջ Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը հայտարարեց, որ Բաքվում իրեն առաջարկել են ընդլայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, և հարցին, թե ինչ է կարծում այդ առնչությամբ, Ջեյմս Ուորլիքն արձագանքել է. «Գոյություն ունեցող ձևաչափը ընդունել են կողմերը, և մենք շարունակելու ենք աշխատել այդ ձևաչափում: Եթե կողմերը որոշեն փոխել ձևաչափը, մենք կհարգենք նրանց որոշումը: Սակայն առայժմ մենք կշարունակենք մեր աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Բայց խնդիրը բանակցությունների ձևաչափը չէ, ի վերջո սա մի հակամարտություն է, որր վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն երկու երկրների նախագահներն ու ժողովուրդները: Երբ նրանք որոշեն, որ եկել է խաղաղության, բանակցված կարգավորման ժամանակը, մենք պատրաստ կլինենք միջնորդել, նպաստել այդ կարգավորմանը: Սա ձևաչափի հարց չէ, սա քաղաքական կամքի հարց է»:
Որոշ փորձագետների կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Բաքվի առաջարկության հետևում կանգնած է Ռուսաստանը: Կրեմլը խրախուսում է Ադրբեջանին՝ հեռանալու Մինսկի խմբից, և նպատակ ունի միայնակ հասնել ղարաբաղյան հանգուցալուծմանը, որից հետո Ադրբեջանը կհամաձայնի անդամակցել ԵՏՄ-ին:
Այդ կապակցությամբ Ուորլիքն ասել է, որ պատրաստ է ընդունել ցանկացած գաղափար, որը կօգնի բանակցված կարգավորմանը: «Ես լավ եմ աշխատում իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ ու չեմ կարծում, որ նա ունի ինչ-որ թաքնված մոտիվներ: Կարծում եմ, ռուսական կողմը աշխատում է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ համատեղ՝ հասնելու խաղաղ կարգավորման: Այս գործընթացն արդեն շատ է ձգձգվում՝ ավելի քան քսան տարի: Երկու երկրների ժողովուրդները արժանի են խաղաղության և բարգավաճման: Կարծում եմ, սա մի բան է, որ ցանկանում են տեսնել նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը», - եզրափակել է նա: