Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները նոր խաղի սկիզբը դրեցին, որի արդյունքները դեռ վաղ է կանխատեսել, բայց այն, որ Անկարայի քաղաքական ուղղությունում տեղի կունենան էական փոփոխություններ, ելնելով այն հանգամանքից, որ այսուհետ որոշումներ ընդունելու մոնոպոլիան չի պատկանում «Արդարությունը և զարգացում» կուսակցությանը, անկասկած է: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, խորհրդարանական ընտրություններում թուրք հասարակոթյունը քվեարկեց ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ Էրդողանի վարած քաղաքականության դեմ: «Այդ մասին է վկայում նաև քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության աննախադեպ հաջողությունը, որի դիրքորոշումն սկզբունքային գրեթե բոլոր հարցերով էապես տարբերվում է իշխող կուսակցության դիրքորոշումից, այդ թվում նաև հայ-թուրքական և Ցեղասպանության հարցերով»,-նշել է Շարմազանովը:
Այնուհետև փոխխոսնակը որոշակի ֆորս-մաժոր է կանխատեսել իշխանության ձևավորման հարցում, քանի որ մեծամասնություն չստացած իշխող կուսակցությունը պետք է կոալիցիայի մեջ մտնի խորհրդարան մտած որևէ այլ ուժի հետ, իսկ տվյալ պահին ոչ մի կուսակցույթուն չի ցանկանում գնալ այդ քայլին: «Դա կարող է դառնալ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառ, իսկ այդ դեպքում իշխանական կուսակցությունը, հնարավոր է, որ չկարողանա պահել իր ունեցած նույնիսկ ներկայիս 40%-ը: Բայց եթե անգամ հարաբերակցությունը մնա նույնը, Անկարայի քաղաքականության մեջ կլինեն էական փոփոխություններ, քանի որ Էրդողանին այլևս չի հաջողվի անվերապահորեն առաջ տանել իր բոլոր ծրագրերը: Հաշվի առնելով այս հանգամանքը, հնարավոր է, որ զգալիորեն կայունանա իրավիճակը Մերձավր Արևելքում և առաջընթաց նկատվի հայ-թուրքական հարաբերություններում: Չէ որ իշխող կուսակցությունից ու նրա առաջնորդից բացի խորհրդարան մտած մյուս ուժերը դեռ առանձնապես աչքի չեն ընկել հակահայկական հիստերիայով»,-նշել է Շարմազանովը, ընդգծելով, որ այդ ընտրությունները, հնարավոր է, որ նշանավորեցին Էրդողանի քաղաքական ուղղության անկման մեկնարկը:
Նշենք, որ Թուրքիայում 20 կուսակցությունների մասնակցությամբ կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող` Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացել է ձայների 40.80% և 256 տեղ խորհրդարանում, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը – 25.20% և 133 տեղ, Ազգային շարժում կուսակցությունը – 16.50% և 83 տեղ, Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը – 12.90% և 78 տեղ: Մասնակցությունն ընտրություններին կազմել է 84%: Այս առումով շատ կարևոր է նշել նաև, որ Էրդողանի կուսակցությունը չի կարողացել 25-րդ գումարման խորհրդարանում ստանալ 367 տեղ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, ինչը թույլ է տալիս կառավարման խորհրդարանական ձևը փոխարինել նախագահականով: